Ըստ տարածված լուրերի հենց Հրայր Թովմասյանն է 1,5 ամսից փոխարինելու Գագիկ Հարությունյանին ՍԴ նախագահի պաշտոնում: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում Սդ անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ Հայաստանում պաշտոնական առաջխաղացման, կարիերայի բանաձեւերին՝ նշելով. «Երեկ ես հարց տվեցի պարոն Թովմասյանին նրա եւ «Ժառանգություն» կուսակցության առնչությունների մասին եւ հարցրել էի՝ արդյոք նա «Ժառանգության» հիմնադիր անդամ չի եղել, նա ասաց, որ չի եղել, այնինչ նա եղել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ: ՀՀ դատական համակարգը ճիշտ նույն տրամաբանությամբ է աշխատում. եթե մեկիդ տնից գողություն են արել, չպետք է հույս ունենաս, որ ոստիկանությունը, դատարանը կգտնեն, կպատժեն: Դու պետք է ինքդ գնաս հետեւես, գողին ու գողոնը գտնես, վկաներին գտնես, էդ բոլորին փողոցում բռնես կապես, տանես ոստիկանություն, բոլոր ապացույցներն ունենաս, որ իրավապահ համակարգը էլ հնարավորություն չունենա ասելու՝ չէ, չի եղել նման բան: Դրա համար եմ ասում, որ մեր դատական համակարգի խնդիրը օրենքները չեն, որովհետեւ վերցնում ես դատավճիռը նայում ես՝ քրեական օրենսգրքին համապատասխանում է, ընթացակարգերին համապատասխանում է, ամեն ինչին համապատասխանում է, միայն մի բանի չի համապատասխանում՝ ճշմարտությանը: Այսինքն ինչ գրված է, ամբողջը սուտ է՝ ծայրից ծայր»:
Վերադառնալով Հրայր Թովմասյանի կենսագրությանը, Փաշինյանն ասաց. «2010 թվականի հունիսի 29-ին նա հարցազրույց է տվել «Ա1+»-ին ու հայտարարել հետեւյալը. «Մարտի 1-ի դատավարությունները ամոթ էին մեր երկրի համար: Մարտի 1-ի դեպքերի լավագույն հանգուցալուծումը համաներումը չէ, ես գտնում եմ, որ լավագույն լուծումը այդ գործերի կարճումն էր այդ նույն ժամանակահատվածում»:
«Ով հրաշք, դրանից 5 ամիս անց Հրայր Թովմասյանը նշանակվում է Արդարադատության նախարար, այսինքն նաեւ դառնում է ՔԿՀ-ների պատասխանատու, այսինքն այն համակարգի, որտեղ գտնվում են մարտի 1-ի գործերով խայտառակ դատավարությունների արդյունքում բանտերում հայտնված մարդի, այդ թվում ձեր խոնարհ ծառան»:
ԱԺ-ում այդ պահին տեղից որոշ արտահայտություններ հնչեցին, որին Փաշինյանն արձագանքեց. «Բաղդասարյան, հանգիստ»:
Այնուհետեւ «Ելք» խմբակցության ղեկավարը շարունակեց, որ այդ նշանակումից հետո բանտերում հայտնված քաղաքական գործիչների հանդեպ ապօրինություններն ավելի են ահագնացել. «Ես դա կարող եմ ասել իմ սեփական օրինակով: Իմ նամակները ամենալկտի ձեւով չէին ուղարկում, որովհետեւ ես ամեն օր հոդված էի գրում թերթում, այնինչ քրեական դատավարության օրենսգիրքն ասում է, որ բանտարկյալը նամակագրության իրավունք ունի:
Հիմա հարց՝ ինչո՞ւ է մարտիմեկյան խայտառակ դատավարությունները քննադատող մարդը միացել այդ դատավարությունների հետեւանքով բանտում հայտնված մարդկանց հետապնդողների շարքում: Շատ պարզ պատճառով՝ նա արդեն գիծ էր անցել: Ես համոզված եմ՝ քաղաքացիական հասարակությունից, իր ընկերներից նրան քննադատել են, ասել են՝ Հրայր, բա ամոթ չի՞, գնացել ես մտել էդ համակարգի մեջ: Ու այս իրավիճակում նա հայտնվել է ընտրության առջեւ, որովհետեւ եթե նա չգործի մեծամասնության կանոների համաձայն, նրանք կասեն՝ չհասկացանք, կարող ա՞, քեզ բերել ենք ստեղ, որ դու շարունակես քո ընդդիմադիր կամ ազատամիտ «զամաշկաները»: Կհանեն դուրս, ու այստեղ առաջանում է վախ՝ տարած-հետ բերածի կարգավիճակում չհայտնվելու: Դրա համար նա պետք է ամեն օր ապացուցի իր հավատարմությունը Սերժ Սարգսյանի վարչակազմին, որովհետեւ հետ գնալու տեղ չկա: Այդ օրինակները մենք մի քանի անգամ այս դահլիճում տեսել ենք: Այնուհետեւ 2012-ին այս գիծը շարունակվում է, նա դառնում է ՀՀԿ անդամ»:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում աշխատանքային, քաղաքական կամ ցանկացած այլ առաջընթացի մի հիմնական նախապայման գոյություն ունի՝ դու Սերժ Սարգսյանի թրի տակով անցել ես, թե ոչ. «Եթե չես անցել, ուզում է Հրայր Թովմասյան լինես, դաժե Գեւորգ Կոստանյան, շանս չունես ընդհանրապես, ինչքան լավ մասնագետ ուզում ես եղիր: Հրայր Թովմասյանն արդեն գիտի, թե ինչ է պետք Բաղրամյան 26-ին ու կարիք չկա հարցերը համաձայնեցնելու, իսկ որ պահին հոտառությունը կորցրեց, կկորցնի նաեւ պաշտոնը, եւ կհայտնվի «Արթիկ» ՔԿՀ-ի խցում»,-հայտարարեց Փաշինյանը:
Նշենք, որ ՍԴ անդամի պաշտոնը թափուր էր մնացել, երբ այդ պաշտոնը թողել էր Կիմ Բալայանը:











