Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում հրապարակել է Tesla Roadster ավտոմեքենայով Falcon Heavy-ի արձակման նոր տեսանյութը, որը տեղի է ունեցել փետրվարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչո՞ւ Falcon Heavy եւ Starman (ավտոմեքենայի ղեկին նստած մանեկենը): Կյանքը չի կարող մեկը մյուսին հաջորդող ձանձրալի խնդիրների լուծում լինել: Դրա մեջ պետք է բաներ լինեն, որոնք ձեզ ոգեշնչում են, որոնց շնորհիվ դուք առավոտյան ուրախությամբ եք արթնանում եւ դառնում մարդկության մի մասը: Ահա թե ինչու ենք մենք սա անում: Մենք սա ձեզ համար ենք արել»,- Twitter-ի իր էջում նշել է Մասկը:

The Verge պարբերականը հայտնում է, որ հոլովակը նկարահանել է Մասկի ընկերը՝ ռեժիսոր Ջոնաթան Նոլանը: «Սա ֆիլմի թրեյլեր չէ: Սա հեռուստաշոուի թրեյլեր չէ: Մենք հույս ունենք, որ սա կդառնա մարդկության պատմության հաջորդ գլխի մասերից մեկի թրեյլերը»,- հայտարարել է Նոլանը՝ մարտի 10-ին ամենամյա South by Southwest փառատոնում իր հոլովակը հանդիսատեսին առաջին անգամ ցուցադրելիս:

Տեսանյութում ցուցադրված է  Falcon Heavy հրթիռակրի առաջին աստիճանի կենտրոնական արագացուցիչի կործանման պահը, որը չի կարողացել վայրէջք կատարել լողացող պլատֆորմի վրա, ժամում 480 կմ արագությամբ ընկել է Ատլանտյան օվկիանոսը եւ կործանվել: