Հնդկաստանում քիչ էր մնում պիթոնն օձահմային խեղդեր ներկայացման ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հոլովակում տղամարդն անցորդներին հրավիրում է դիտել պիթոնի հետ իր հնարքները: Օձահման օձին փաթաթում է պարանոցին եւ նստում է գետնին՝ իր պայուսակից ինչ-որ բան հանելու համար: Այդ պահին սողունը սկսում է խեղդել հնդիկին:
Հանդիսատեսն անմիջապես չի կռահել, որ տեղի ունեցողը ներկայացման մաս չէ, եւ շարունակել է «շոուն» տեսանկարահանել: Սկզբում օձահման փորձել է օձին պարանոցից ինքնուրույն հանել, սակայն գիտակցությունը կորցրել է:
Sputnik International-ը հայտնում է, որ դրանից հետո մի քանի մարդ օձին հանել են նրա պարանոցից, աշխատել նրան ուշքի բերել եւ տեղափոխել են Վարանասիի հիվանդանոց:











