1-ից 4-րդ դասարանի աշակերտների՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքները հարստացնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մշակվել էր հանրկրթական հաստատություններում երթեւեկության կանոններն ուսուցանելու նախագիծ, որը այս տարվա փետրվարի 8-ին կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվեց։
Այս նախագիծը կյանքի կոչելու նպատակով օրերս ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ ծառայության ղեկավար Եգոր Կարապետյանի գլխավորությամբ։ Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության ու կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներ։
Ճանապարհային ոստիկանության պետը նախ ներկայացրեց 2016 եւ 17 թվականների վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ 2016-ին անչափահասների մասնակցությամբ տեղի է ունեցել 158 վրաերթ, 6 երեխա զոհվել է, 156-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 2017-ին արձանագրվել է անչափահասների մասնակցությամբ 177 վրաերթ, 2 երեխա է զոհվել, 150-ից ավելի էլ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածենր։ Վերլուծությունը փաստել է, որ վրաերթերի 70 տոկոսը տեղի է ունեցել հետիոտնի մեղավորությամբ՝ անչափահասները հիմնականում ճանապարհն անցել են չթույլատրվող հատվածով։
Եգոր Կարապետյանը ներկայացրեց նաեւ անչափահասների մասնակցությամբ պատահարները նվազագույնի հասցնելու ուղղությամբ ճանապարհային ոստիկանության նախաձեռնած մի շարք միջոցառումներ, որոնք դրական արդյունք են տվել։ Ճանապարհային ոստիկանության պետի համոզմամբ՝ նոր նախաձեռնությունը եւս արդյունավետ է լինելու։ Կթության եւ գիտության նախարարության աշխատակիցները ներկայացրին երթեւեկության կանոնների դասավանդման վերաբերյալ իրենց մոտեցումները։
Նախատեսվում է սկսել մայրաքաղաքի դպրոցներից։ Քննարկվեց դասավանդման ձեւաչափը․ Նախապես ճանապարհային ոստիկանության ծառայողները դասընթացներ կանցկացնեն ուսուցիչների հետ, որոնք ստացած գիտելիքները կփոխանցեն աշակերտներին։ Հարկ եղած դեպքում ուսուցիչները պրակտիկ գիտելիքներ կստանան նաեւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժինների ավտոդրոմներում։ ճանապարհային ոստիկանները հենց խաչմերուկներում աշակերտներին կսովորեցնեն՝ ինչպես անվտանգ անցնել փողոցը, որ իրավիճակում ինչ անել, նաեւ կանցկացնեն գործնական պարապմունքներ։ Կողմերը հույս հայտնեցին, որ նախապատրաստական աշխատանքներն ու առկա խնդիրները մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզը կհաղթահարվեն եւ արդեն սեպտեմբերի 1-ից ծրագիրը կմեկնարկի։











