Ucom ընկերությունն այսօր՝ մարտի 27-ին, Հյուսիսային պողոտայում բացել է վաճառքի եւ սպասարկման նորացված կենտրոն։

Լրագրողների հետ զրույցում Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ նկուղային սրահում բացվել են առանձնացված սրահներ, որոնք նախատեսված են բիզնես եւ Premier հաճախորդների սպասարկման համար։

«Այսօր Ucom ընկերությունը մեծ մասամբ սպասարկում է կորպորատիվ հաճախորդների եւ սպասարկման որակի եւ օպերատիվության բարձրացման համար մենք հատկացրել ենք առանձնացված սրահներ»,–նշել է ընկերության գլխավոր տնօրենը։ 

Նորացված սրահը հնարավորություն է ընձեռում վերեւի սրահում թեթեւացնել ծանրաբեռնվածությունը եւ որոշակի ժամերին հաճախորդների մեծ հոսքի պարագայում սպասարկումն ավելի արագ իրականացնել՝ հավելյալ աշխատակիցների աջակցությամբ։

«Ucom–ը հաճախորդամետ ընկերություն է եւ մեզ համար չափազանց կարեւոր է, որ հաճախորդները բավարարված լինեն ոչ միայն ընկերության ծառայություններից օգտվելիս, այլ նաեւ սպասարկման սրահներ այցելելիս»,–նշել է Եսայանը։

Ucom ընկերության վաճառքի տնօրեն Կարեն Շաբոյանն, իր հերթին, հայտնել է, որ նորացված սրահում գործում է հեռախոսների վերանորոգման լաբորատորիա։ Այստեղ բաժանորդների ներկայությամբ համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կվերանորոգեն ինչպես նրանց սմարթֆոնները, այնպես էլ պլանշետները, մոդեմները եւ WiFi սարքերը:

Բացի այդ, նորացված սրահի Ucom Care հատվածում հաճախորդները ծրագրային ապահովման կամ այլ տեխնիկական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն կստանան։

«Ծրագրային կամ տեխնիկական ապահովման հարցերով կարող են դիմել ինչպես Ucom–ի հաճախորդները, այնպես էլ մարդիկ, որոնք չեն հանդիսանում մեր բաժանորդները»,–նշել է Կարեն Շաբոյանը։

Սպասարկման նոր սրահը գործում է Հյուսիսային պողոտա, 1/2 հասցեում: Այն ունի երկու մուտք՝ անմիջապես Հյուսիսային պողոտայի Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոնից  եւ «Tashir Street» ստորգետնյա խանութների շարքում գտնվող վաճառքի կենտրոնից: