Ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող ընդհանուր 5 կիլոգրամից ավելի քաշերով զանգվածներ:

Ըստ ոստիկանության տարածած տեղեկատվության՝ օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Գրունդ Հենդլինգ» կառամատույցի գործակալ Սեւակ Մարտիրոսյանն ու նրա ընտանիքի անդամները զբաղվում են թմրամիջոցների ձեռք բերմամբ եւ իրացմամբ։

Հարուցված քրեական գործի շրջանակում՝ մարտի 29-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին Արարատի մարզի Արբաթ գյուղում ապրող 40-ամյա Մարտիրոսյանի տունն ու օժանդակ շինությունները։ Հայտնաբերվեցին կանեփի նմանվող խնամված բույսեր, կանեփի սերմեր, ինչպես եւ տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն զանգվածներ, որոնք լցված էին տարբեր տարաների մեջ, նաեւ փաթեթավորված էին թղթերով ու պոլիէթիլենային տոպրակներով։ Զանգվածների ընդհանուր քաշը 5 կգ 300 գրամից ավելի էր։ Նույն օրը Երեւանում ապրող մի երիտասարդի մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 3 զանգված՝ ընդհանուր 23 գրամից ավելի քաշով։ Ըստ 23-ամյա երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխունա էր։

Իրավապահները պարզել են, որ թմրամիջոցը երիտասարդը գնել է Սեւակ Մարտիրոսյանից։ Եվ Մարտիրոսյանի տնից, եւ երիտասարդի մոտից հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության։

Սեւակ Մարտիրոսյանը ձերբակալվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: