Մոսկվայի իրավապահ մարմինները ձերբակալել են ադրբեջանցի բիզնեսմեն Մահերամ Հասանովին, որն ավելի շատ հայտնի է «Պակրովկա Մահերամ» անունով: 

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, համացանցում տեսանյութ է տարածվել, որում ոստիկանները Մահերամին ձեռնաշղթաներ են հագցնում եւ ծնկի իջեցնում: Մահերամ Հասանովին ձերբակալելու պատճառները հայտնի չեն: 

Ռուսաստանում Մահերամ Հասանովը, այսպես կոչված, «բանջարեղենային մաֆիայի» առանցքային դեմքերից է: Շամքորի շրջանից ծագող Հասանովը իր ակտիվության բարձրակետին վերահսկել է Ադրբեջանից Մոսկվա գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման էական մասը:

Իր՝ «Պակրովկա» մականունը Մահերամը ստացել է Պակրովյան բանջարեղենի բազայում հայտնի սկանդալի շնորհիվ, որը մինչեւ 2014 թվականը Մոսկվայի պտուղ-բանջարեղենի մեծածախ խոշորագույն բազան էր:

«Պակրովկայի» կյանքում սեւ գիծը սկսվել է 2013 թվականի վերջից: 2013 թվականի հոկտեմբերի 10-ի գիշերը Եգոր Շչերբակովի սպանությունը հանգեցրել է Բիրյուլեւոյում զանգվածային անկարգությունների եւ բազայի փակմանը: