Ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին՝ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն որդու՝ 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի շիրիմին էր այցելել նրա մայրը՝ Համեստ Ներսիսյանը: Լրագրողների հետ զրույցում Համեստ Ներսիսյանը նշեց, որ իր որդին վաստակել է Ազգային հերոսի կոչումը, սակայն, նրան մինչ այսօր հետմահու այդ կոչմանը չեն արժանացրել: Ըստ նրա, իր որդուն պետք է վաղուց Ազգային հերոսի կոչում տային՝ առանց մտածելու նույնիսկ:

«Իմ տղայի վաստակած մեդալը Ազգային հերոսի կոչումն է, դրանով էլ ես չեմ սփոփվի, բայց ինքը վաստակել է»,- ասաց նա: Մեր հարցին, թե ի՞նչն է խանգարում, որ այդ քայլին չեն գնում՝ նա վիրավորված պատասխանեց. «Չեմ կարող ասել, երեւի մտածում են՝ արժանի չի»:

Նշենք, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր նաեւ հոգեհանգստյան կարգ կատարվեց քառօրյայում զոհված հերոսների հոգու խաղաղության համար: