Երեւանի Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում այսօր՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց են տեղափոխվել 8 անձինք. նրանցից մեկի վիճակը ծանր է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքում է Ռուբինա Մարկոսյանը, մյուս 7 քաղաքացիների վիճակը բավարար է, մի քանիսն առաջիկա ժամերին դուրս կգրեն հիվանդանոցից։

NEWS.am-ի հետ զրույցում դեպքի վայրում գտնված իրանահայերից Արիշան նշեց, որ տուժել է իր եղբայրը՝ 16-ամյա Էրիկ Աշուղյանը։ Նա նշեց, որ եղբայրը ստացել է գլխի վնասվածք։ Արիշան նշեց, որ միասին ընթրում էին, երբ պայթյունի ձայն լսեցին. չհասկացան՝ ինչ է կատարվել։ Նրա խոսքով՝ սեղանի շուրջ նստածներից տուժել է միայն եղբայրը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 2-ին ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը: Նախնական տվյալներով՝ խոհանոցում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը, կա 8 տուժած (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: