Երեւանի Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում այսօր՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, նրան այս պահին վիրահատում են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Նշենք, որ խոսքն 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի մասին է. նա վնասվածք է ստացել աջ կոնքի շրջանում:
Բուժկենտրոնից նաեւ տեղեկացրեցին, որ 8 տուժածներից 6-ն անչափահաս են՝ 6-15 տարեկան, մեկը «Բուրգեր Քինգ»-ի մենեջերն է՝ 19-ամյա Զարուհին, եւս մեկը՝ 26 տարեկան իրանցի: Նրանցից 7-ը թեթեւ վնասվածքներ են ստացել, հիմնականում՝ քերծվածքներ, եւ շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հիվանդանոց է ժամանել նաեւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանն էլ հայտնել է, որ պայթյունի հետեւանքով տուժածներն անհրաժեշտ հետազոտություն են անցել: «Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի գլխավորությամբ հիվանդանոցում բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություն, տրամադրվում է բժշկական օգնություն։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Աղջկան այս պահին վիրահատում են։ Մյուսների վիճակը գնահատվում է կայուն։ Բժշկական օգնությունն արագ եւ պատշաճ կազմակերպելու նպատակով անմիջապես հիվանդանոց են եկել նաեւ բուժական գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, ինչպես նաեւ բոլոր առաջատար մասնագետները։ Տուժածներից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, 2-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության, 3-ը՝ Ռուսաստանի Դաշնության»,- գրել է նա։
Միաժամանակ, ԱԻՆ-ը հրապարակել է բոլոր տուժածների ճշտված տվյալները. միջադեպի հետեւանքով տուժածներն են՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, Իրանի քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, Իրանի քաղաքացի):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 2-ին ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը, կա 8 տուժած (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)











