Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյունի դեպքով քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

«Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» ՍՊԸ -ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժանում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը , որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը»,- նշեց նա։

Նշենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը, կա 8 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Վիրավորվել էին Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):