ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանի կենտրոնում գործող դեղատներից մեկից գողություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. մարտի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ մարտի 2-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Մաշտոցի պողոտայում գործող դեղատներից մեկից հափշտակել է «Կանգավիտես» տեսակի դեղահաբի տուփ՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատան անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես է մի կին մոտենում դեղատան սրահի ցուցափեղկին, վերցնում ինչ-որ իր եւ հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
.jpg)











