Չարբախում 2016թ.-ի նոյեմբերին 2 անձի սպանության գործով այսօր՝ ապրիլի 3-ին, նախատեսված նիստն անցկացվել է արտագնա՝ «Փոսի գաի»-ում:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի նիստերի ընթացքում փորձել է ապահովել այս գործով իրեղեն ապացույց ճանաչված և ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի կնոջը պատկանող մեքենայի զննությունը դատարանի վարչական շենքի տարածքում: Սակայն, այն չի հաջողվել, որովհետեւ ճանապարհային ոստիկանությունից մեղադրողներին հայտնել էին, որ հնարավոր չէ առանց վնասելու այն հասցնել դատարան: Դատարանը որոշեց այն զննել հենց տեղում:
Դատավարության մասնակիցներն այսօր «Փոսի գաի»-ում զննել են մեքենան, հատուկ գործիքի օգնությամբ բացել այն եւ ուսումնասիրել:
Նշենք, որ այս գործով դատաքննությունը լրացնելու փուլն է:
Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին («Չարբախցի Գեղամ»)՝ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Արմեն Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:











