Երեւանի Տիչինայի փողոցի 93, 95, 97 եւ 97/1 տների նկուղներն ու ավտոտնակները 16 օր ջրի մեջ էին անհայտ տեղից հոսող ջրի պատճառով: 2 օր է, ինչ «Վեոլիա ջուրը» մասամբ լուծել է խնդիրը.  97 տան ավտոտնակը, սակայն, դեռ ջրի մեջ է:

Բնակիչները այժմ իրենց ուժերով են  կատարում ջրահեռացման աշխատանքները:

NEWS.am-ի հետ զրուցում Տիչինայի 95 տան բնակիչ Վարսենիկ Չախալյանը պատմեց, որ  իրենք մեծ վնասներ են կրել տան նկուղը եւ հիմքը 16 օր շարունակ ողողած ջրից: Մասնավորապես վնասվել են նկուղում պահված մթերքները, գործիքները, նաեւ վնասվել են անցած տարի վերանորոգված տան պատերը, հագուստն ու կահույքը նույնիսկ խոնավությունից փչացել է:

«Վնասը բավականին շատ է, թող գան, գնահատեն: Բավական հագուստ ու կոշիկներ ենք շպրտել, քանի որ պիտանի չէին օգտագործման համար: 3 մեշոկ կարտոֆիլ, 35 կգ սոխ, որը ես տնտեսել էի, որ էս թանկ շրջանում չգնեի, սակայն տնտեսելու փոխարեն ավելի շատ խրվեցի»,- ասաց Վարսենիկ Չախալյնաը:

97 տան բնակչուհի Նաիրա Խաչիկյանն էլ պատմեց, որ իրենք էլ բավականին շատ վնաս են կրել: Ավտոտնակն է ամբողջովին ջրի մեջ, բակը, տան պատերը, նաեւ այս պահին չերեւացող վնասներ, քանի որ տան տակով է ջուրը հոսել, ինչը հետագայում կարող է այլ խնդիրներ առաջացնել տան համար:

«Վախենում ենք նույնիսկ մեքենան կանգնեցնել էստեղ 3,5 տոննանոց մեքենա է, կարող է ավտոտնակը  փլվի, պատերը ուռած, թափված վիճակ է: Միայն լրատվամիջոցների ահազանգից հետո, չգիտեմ ինչ հրաշքով գտան էդ վթարի տեղը ու վիճակը մի քիչ թեթեւացրեցին»,-ասաց Տիչինայի փողոցի բնակչուհին:

Բնակիչները նշեցին, որ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները ջրմուղի աշխատակիցների հետ եկել են, գրել են բնակիչների վնասները,սակայն իրենք չգիտեն իրենց վնասները կփոխհատուցվեն, թե՝ ոչ: