Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը NEWS.am-ին տված հարցազրույցում ներկայացրել է 2017թ.-ին Հանրապետությունում գրանցված սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը, անդրադարձել նմանատիպ հանցագործությունների բացահայտման նրբություններին:
Տիկին Իսրայելյան, ոստիկանության տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2017թ.-ին Հանրապետությունում գրանցվել է սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված 140 հանցագործություն: Խնդրում եմ՝ կներկայացնեք վիճակագրություն, թե դրանցից քանիսի նախաքննությունն է ավարտվել եւ գործն ուղարկվել դատարան մեղադրական եզրակացությամբ:
Ձեր նշած 140 դեպքերից 38-ը հանվել են հաշվառումից, այդ թվում, 27-ը՝ հանցակազմի բացակայության հիմքով, 6-ը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Հաշվառման մեջ է մնացել 102 դեպք, որոնցից 34-ով հարուցված քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան եւ նույն տարում դրանցից 27-ով ունենք մեղադրական դատավճիռներ:
Բավականին մտահոգիչ է վիճակագրությունը երեխաների հետ կապված: 140 դեպքից 80-ի դեպքում տուժողն անչափահաս է եղել: Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը:
Քրեական օրենսգիրքը նախատեսում է սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործության 5 տեսակ, որոնցից 2-ը պարտադիր է համարում, որ տուժողը լինի մինչեւ 16 տարեկան: Հենց այս հանգամանքի ուժով այս տեսակի հանցագործությունների կազմում պետք է, որ անչափահասների թիվը որոշակի առումով ավելի շատ լինի: Բացի դրանից, թեեւ ՀՀ-ում Ընտանեկան օրենսգրքի համաձայն, ամուսնության տարիքը սահմանված է 18-ը, իսկ որոշակի պայմանների առկայության դեպքում՝ նվազագույն տարիք է համարվում 16-ը, դրանցից ցածր տարիքի անձի հետ սեռական հարաբերություն ունենալու Քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն, սակայն, այդ պայմաններում դեռեւս Հայաստանում գրանցվում են վաղ ամուսնության դեպքերը:
Ընդհանուր առմամբ, 2016թ.-ի համեմատությամբ, 2017թ.-ին ունենք նվազում, դրական պատկեր կա: Սա պայմանավորված է պետական իրավասու մարմինների հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմամբ: Այստեղ պետք է կարեւորել առաջին հերթին դպրոցական տեսուչների դերը:
Տիկին Իսրայելյան, վերջին ամիսներին նմանատիպ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ նաեւ զբոսաշրջիկներից են ստացվել: Այդ դեպքերը շատ արագ բացահայտվեցին: Ինչպե՞ս հաջողվեց վարույթն իրականացնող մարմնին այդքան կարճ, սեղմ ժամանակահատվածում բացահայտել այդ հանցագործությունները: Առհասարակ, որո՞նք են նմանատիպ հանցագործությունների բացահայտման նրբությունները:
Երբ տուժողը համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, շատ ավելի հեշտանում է բացահայտումն ու ապացուցման գործընթացը: Ձեր նշած դեպքերում տուժողները հաղորդում ներկայացնելուց հետո համագործակցել են քրեական հետապնդման մարմինների հետ:
Նշեմ, որ նմանատիպ հանցագործությունների բացահայտման եւ ապացուցման գործընթացում կան որոշակի դժվարություններ: Հաճախ լինում են դեպքեր, երբ հանցագործությունից տուժած անձինք ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում հայտնել հանցանք կատարած անձանց տվյալները, կամ խոչընդոտում են ապացուցման գործընթացում: Ունենք իրավիճակ, երբ մանկահասակ երեխայի ծնողն է խոչընդոտում բացահայտված հանցագործության ապացուցման գործընթացին:
Ճի՞շտ է տեսակետը, որ նմանատիպ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ամենաշատը ստացվում են Սյունիքի մարզից եւ Երեւանի Շենգավիթ համայնքից:
Պատկերը յուրաքանչյուր տարի կարող է տարբեր լինել: 2017թ.-ի տվյալների համաձայն, 102 դեպքից Սյունիքի մարզում գրանցվել է ընդամենը 9, իսկ Շենգավիթ համայնքում՝ 5: Նախորդ տարի ամենաշատ դեպքերը գրանցվել են Արմավիրի մարզում՝ 16:
Կա՞ օրենսդրական որեւէ հիմք, որ սոցցանցում «անվայել» առաջարկների դեպքում տվյալ անձը կարող է քրեական պատասխանատվության է ենթարկվել:
Դա կախված է այն հանգամանքից, թե ինչ բովանդակության է Ձեր նշած առաջարկն ու ինչ տարիքի անձի է դա հասցեագրված: Որպեսզի առաջարկը հանգեցնի քրեական պատասխանատվության, այն պետք է պարունակի Քրեական օրենսգրքի որեւէ հոդվածով նախատեսված բոլոր հատկանիշները: Եթե առաջարկի վերաբերյալ տվյալը կհամապատասխանի հանցագործության մասին հաղորդման չափանիշներին, ապա այն կստուգվի վարույթն իրականացնող մարմնի կողմից եւ արդյունքում եթե ապացուցվի, որ տվյալ անձը հանցանք է կատարել, նա կենթարկվի քրեական պատասխանատվության:











