Կուտակային համակարգի մասնակիցների միջոցները, նրանց համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու նպատակով, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ներդրվում են տարբեր ֆինանսական գործիքներում` պարտատոմսեր, բանկային ավանդներ, բաժնետոմսեր եւ այլն:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից (ԿՀԻԿ) NEWS.am-ին հայտնում են, որ որպեսզի այս գումարները առավելագույնս պաշտպանված լինեն տարատեսակ բացասական ազդեցություններից, օրենքը սահմանափակում է, թե որտեղ եւ ինչ չափով կարող են կուտակային միջոցներով ներդրումներ կատարվել:
Սահմանափակումներից մեկը վերաբերում է ներդրումների աշխարհագրությանը եւ արժույթին: Հայտնի է, որ կուտակային հատկացումներով ներդրումներ կատարվում են հայկական դրամով եւ արտարժույթով, ընդ որում` արտարժույթով ներդրումները չեն կարող գերազանցել կենսաթոշակային ֆոնդի միջոցների 40 տոկոսը: Դա նշանակում է, որ գումարի առնվազն 60 տոկոսը ներդրվում է Հայաստանում հայկական դրամով` խթանելով երկրի տնտեսությունը:
Բացի արժույթների քանակական սահմանափակումից, խիստ կարեւոր է նաեւ, թե որ երկրներում է թույլատրված կատարել կուտակային միջոցներով ներդրումներ. դրանք Տնտեսական Համագործակցության եւ Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) եւ ԵՄ անդամ պետություններն են, որոնք ունեն կայացած կապիտալի շուկաներ եւ առավել ապահով են նմանատիպ ներդրումների համար:
Կուտակային համակարգի հաջողության գլխավոր նախապայման է կուտակվող միջոցներով ներդրումների քաղաքականությունը, ուստի հայաստանյան օրենսդրությունը այս տեսանկյունից թեպետ բավականին խիստ է, բայց միեւնույն ժամանակ հնարավորություն է տալիս կառավարիչներին` ներդրումները կատարել դիվերսիֆիկացված եւ ապահովել հնարավոր լավագույն արդյունքներ համակարգի մասնակիցների համար:
Արժութային եւ աշխարհագրական սահմանափակումների մասին ավելին` հոլովակում:











