«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Նիկոլ Փաշինյանի հանրային գործունեությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգության» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցին, թե իրենք չե՞ն միանա հանրային պայքարի ելած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ Նիկոլ Փաշինյանին, որին միացել է օրինակ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքեց. «Փառք Պարույր Հայրիկյանին, նա մեծ ավանդ ունի մեր անկախության կերտման մեջ, բայց ես համարում եմ, որ «Ժառանգությունը» եղել է ժողովրդական պայքարի ակունքներում: Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությունը: Անկախ նրանից՝ այնտեղ քայլում ենք, թե չենք քայլում, դուք կարող եք ակնկալել, որ «Ժառանգությունը» կլինի ժողովրդի հետ միասին իր իրավունքների հետամուտ: Միանալու հարց չկա, քաղաքից քաղաք, գյուղից-գյուղ քայլելը եղել է մեր տարերքը: Այնքան էլ աննախադեպ չէ Նիկոլի արածը, ստեղծագործական է, գործ է, որը գնահատելու է եւ ես գնահատելու եմ: Այդ գործը արվել է ուրիշների կողմից, հիմա իրենք են անում, ճիշտ են անում, լավ են անում եւ պետք է մեկը մյուսին միանա: Թե «Հանուն Հայաստան պետության» ճակատի, թե Նիկոլի, թե Զարուհու հրավիրած հավաքներին ներկա կլինենք: Սխալն այն է, որ չկարողացանք այն բանաձեւը գտնել, որ ի մի բերենք ընդդիմադիր ամենատարբեր հոսանքներին, մտավորականներին, երիտասարդական շարժումներին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ 5 տարի առաջ՝ 2013 թվականին ՀՀ նախագահի երդմնակալության շարունակությունը եղավ «Սասնա ծռերը», «Էլեկտրիկ Երեւանը», դրա շարունակությունն այսօր էլ կա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» նախաձեռնությամբ, քայլերթ է սկսել հայաստանի 5 մեծ քաղաքներով, որի նպատակն է թույլ չտալ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: