ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սեբաստիա փողոցում գործող բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 1-ին «գլխի վնասվածքով» բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի՝ ծնված 1976թ., ով, ինչպես պարզվել է, մարմնական վնասվածքն ստացել է Սեբաստիա փողոցում գործող բենզալցակայանում կատարված ավազակային հարձակման ժամանակ։

Դեպքի առթիվ  հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երեւան քաղաքի բնակիչներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնության են եկել Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող  բենզալցակայանից հափշտակություն կատարելու վերաբերյալ եւ այդ նպատակով ձեռք բերել անհրաժեշտ պարագաներ՝ ձեռնոցներ, գլխարկով բաճկոններ, մետաղյա ձողեր: Դեպքի օրը՝ լուսաբացին, պայմանավորվածության համաձայն, գնացել են բենզալցակայան՝ իբր բենզին գնելու, ապա հարձակվել հանգստի սենյակից դուրս եկած բենզալցակայանի աշխատակցի վրա եւ որպես զենք օգտագործվող առարկայով թիկունքից բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին, որի հետեւանքով վերջինս ընկել է: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք  հափշտակել են  աշխատակցի մոտ, ինչպես նաեւ բենզալցակայանի սենյակում առկա կանխիկ գումարը եւ այլ ապրանքներ, ապա դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երեք երիտասարդի մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: