Մերձմոսկվայի Ռամենսկու շրջանում Ան-148 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածների դիակները դեռեւս ամբողջությամբ չեն հեռացվել վթարի վայրից: Այս մասին «Մեդուզա» պորտալին հայտնել է աղետի զոհերից մեկի դուստր Յուլիա Սինիցինան:
Նրա խոսքով՝ մարդկային մարմինների մասերը նա տեսել է Ստեփանովսկու գյուղի մոտակա դաշտում, որտեղ ինքնաթիռը ընկել էր, երբ ապրիլի 6-ին գնացել է այնտեղ աղետի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելու համար:
Սինիցինան զանգել է Քննչական կոմիտե, որից հետո վթարի վայր են ժամանել քննիչները եւ փրկարարները: Նրա խոսքով, այդտեղ է ժամանել նաեւ Ուլյանինսկոե գյուղական բնակավայրի ղեկավար Սերգեյ Անուրեւը: Նա խոստացել է, որ ապրիլի 9-ին դաշտը կշրջափակեն եւ զոհվածների մնացորդների որոնումը կվերսկսվի: Բայց երբ ապրիլի 9-ին աղջիկը վերադարձել է վթարի վայր, այն շրջափակված չի եղել եւ դեռ մարմինների մասեր են ընկած եղել:
Սինիցինան նախագահ Վլադիմիր Պուտինին տեսաուղերձ է տեսագրել, որում պահանջել է շրջափակել տեղանքը:
«Ես չեմ գնա, մինչեւ կինոլոգներ չգան, շրջափակում եւ բացատրություն չլինի, թե ինչու է այս ամենը կատարվում», — ասել է նա:











