Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը պատրաստ է պաշտոնավարել  նոր ձեւավորվող կառավարությունում, բայց պատրաստ չէ խոսել համակարգում իր արած–չարածի աշխատանքի մասին։

Պաշտոնավարման սկզբից մինչ օրս սկանդալների ու քննադատության կիզակետում հայտնված նախարարը շրջանցում է իր աղմկահարույց ծրագրերի վերաբերյալ հարցերը։ Այսօր Ազգային ժողովում լրագրողները  դարձյալ հետաքրքրվել են՝  իրեն հաջողվե՞լ է մի բարեփոխում իրականացնել, վերջինս անպատասխան է թողել, սակայն կարճ ժամանակ անց հիշել է, որ, այնուամենայնիվ, մի հարցում հաջողություն արձանագրել է. «Հաջողվել է ձեր հետ շփվելու ժամանակ  հավասարակշռություն պահել»,–ասել է առողջապահության նախարարը։

Հարցին՝ իսկ համակարգում պատրա՞ստ են իր հետ աշխատել՝ հաշվի առնելով դժգոհությունների ալիքը, պատասխանել է.   «Ձեր լսածները միշտ տարբերվում են իմ լսածներից, եկեք նույն աղբյուրներից օգտվեք»,–ասել է Լեւոն Ալթունյանը՝ նշելով, որ աղբյուրներն ասում են, որ ամեն ինչ լավ է լինելու։ Թե կոնկրետ ո՞ւմ համար է լավ լինելու՝ Լեւոն Ալթունյանի, թե՞ հանրության, նրա աղբյուրները լռում են։