Երեւանում՝ Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» շարժման հանրահավաքը։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե հանրահավաքից առաջ կայացել է «Նեմրա» խմբի համերգը։
Նշենք, որ Հանրապետության հրապարակում մեծ բեմ են տեղադրել՝ հսկա բարձրախոսներով։
Նշենք, որ այսօր հայտարարությամբ շարժմանն են միացել «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերը՝ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը»: Իսկ ԲՀԿ-ն իր կողմնակիցներին կոչ արել հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:
Այսօր նաեւ հայտարարություն է տարածել ՀՅԴ Գերագույն մարմինը՝ նշելով, որ դադարեցնում է իր մասնակցությունը իշխող կոալիցիային, կոչ անելով վարչապետ ընտրել ժողովրդի վստահությունը վայելով անձի։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:
Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:
Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության:











