ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ իր երկիրը ապագայում միավորվիի Հարավային Կորեայի հետ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Ես հավատում եմ, որ հյուսիսը եւ հարավն ապագայում կմիանան»,- միջկորեական բանակցությունների շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:

Կիմ Չեն Ընն ակնկալում է, որ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների քաղաքացիներն ապագայում կկարողանան ազատորեն հատել երկու երկրների միջեւ սահմանը: «Մենք մեկ ժողովուրդ ենք, մեկ արյուն: Մենք չենք կարող բաժանված լինել»,- ընդգծել է նա:

Նշենք, որ ապառազմականացված Փհանմունջո գոտում ընթանում է պատմական միջկորեական գագաթնաժողովը: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն իր հերթին հայտարարել է, որ երկրները համաձայնել են, որ իրենց միջեւ պատերազմ չի լինելու: «Երկու ղեկավարները մեր 80 միլիոնանոց ազգի եւ ամբողջ աշխարհի առջեւ հանդիսավոր կերպով հայտարարում են, որ Կորեական թերակղզում այլեւս պատերազմ չի լինելու եւ սկսվում է խաղաղության նոր դարաշրջանը»,- նշվում է առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է Renhap գործակալությունը: