Բանակցությունները հեռանկարային են այն դեպքում, երբ որ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն։ Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է հրաժարվել այսօր հանդիպել ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։

«Մեր հայտարարության մեջ մեկնաբանել ենք դա, եւ որեւիցե տարբերություն մեր նախկին մեկնաբանության հետ չկա եւ, կարծում եմ, որ տրամաբանությունն ակնհայտ է: Բանակցությունները հեռանկարային են այն դեպքում, երբ որ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն, մեկը մյուսի դիրքորոշումն ընկալելու ցանկություն ունեն: Հետո իրենք կպայմանավորվեն, թե չէ, ճկուն կլինեն որպես բանակցող, թե չէ, դա արդեն գործընթաց է: Բայց ի սկզբանե, երբ որ հայտարարվում է, որ օրակարգը սա է, եւ մյուս կողմն իրավունք չունի որեւիցե օրակարգ ձեւավորել, դա արդեն բանակցություն չի, նույնիսկ չգիտեմ ինչ է»,- ասել է Կարապետյանը:

Դիտարկմանը, թե Փաշինյանն այդ ասուլիսում ասել է, որ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերին, նաեւ հետեւյալ մեջբերումն արեց, որ «մարդը, ով իր երկրի ներսում վստահ չէ իր բանակցային ուժերին, ինչպես կարող է բանակցել, օրինակ, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցում», Կարապետյանն ասել է. «Նախ եւ առաջ ես իրականում չգիտեմ պարոն Փաշինյանը, որպես բանակցող, մեծ փորձ ունի, թե չէ, բայց ես հետաքրքիր բանակցային փորձ ունեմ, ընդ որում, բանակցային փորձս տարբեր մշակութային, կրոնական, առարկայական, լեզվական տիրույթներում է: Եվ առ այսօր ես բանակցային պրոցեսներում պարտություն չեմ ունեցել: Հռետոր լինել, լավ հեղինակություն ունենալ դեռ չի նշանակում լավ բանակցող լինել: Այդ իսկ պատճառով իմ պատասխանն այդպիսինն է»: