«Իմ քայլը» շարժման ավտոերթը՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասել է Վանաձոր, որտեղ նախատեսված է մեծ հանրահավաք: Այս պահին հորդառատ անձրեւ է գալիս Վանաձորում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Երեւանից դուրս գալուց հետո մի քանի հարյուր մեքենաներով ավտոերթի մասնակիցներին դիմավորել են Երեւան-Սեւան մայրուղու Չարենցավանի հատվածում, Գագարինի մոտ, Լճաշենի մոտ, Հրազդանում, Ծովագյուղում, Սեւանում, իսկ Իջեւանում եղել է հանրահավաք:
Բոլոր այս բնակավայրերում մարդիկ պաստառներով, դրոշներով կանգնեցնում էին ավտոերթը եւ ողջունում Փաշինյանին եւ նրան ուղեկցողներին:
Մինի-հանրահավաքներ տեղի ունեցան Սեւանում, Դիլիջանում: Փաշինյանը կոչ է արել ժողովրդին պահանջել իրենց քաղաքապետերից, գյուղապետերից՝ ստորագրել եւ հրապարակել հայտարարություններ ժողովրդական շարժմանը միանալու մասին, ոչ թե գաղտնի կերպով այդ մասին մեսիջներ հղել իրենց:
Նշենք, որ ավտոերթի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը եւ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Փաշինյանը բազմամարդ հանրահավաք է անցկացրել Գյումրիում: Այսօր՝ ապրիլի 28-ին, հանրահավաք է կայանալու Իջեւանում, իսկ 17.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Հայքի հրապարակում։
Իսկ ապրիլի 29-ին եւ 30-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են նոր թափով։ Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը, ըստ Փաշինյանի, պետք է հեղեղել Երեւանի բոլոր փողոցները։
Փաշինյանի գլխավորած ավտոերթը ուղղություն է վերցրել դեպի Գյումրի (Ֆոտո)











