«Այս հաղթանակի գրավականը Հայստանի քաղաքացիների եւ հայ ժողովրդի զարթոնքն էր, ինչը սաղմնային մակարդակից տեղի ունեցավ»: Այս մասին ասել է շարժման առաջնորդ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչն էր ի վերջո շարժման հաղթանակի գրավականը:

«Այս ամենը սաղմանյին մակարդակից տեղի ունեցավ ձեր աչքի առաջ եւ չկա որեւէ հարցի պատասխան, որը դուք չունեք»,-ասաց նա:

Անդրադառնալով ապագա  կառավարությունում «Ելքի» իր գործընկերների հետ հնարավոր համագործակցության մասին հարցին` Փաշինյանը նշեց,ո ր իրենց հիմնական խնդիրը լինելու է համաձայնության եւ համերաշխության մթնոլորտի ստեղծումը, եւ այդ նպատակը իերնց կուղեկցի բոլոր գործողություններում:

Լրագրողի նկատառմանը, թե ինչ կասի այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ասել է, որ ստեղծված իրավիճակի պատճառն այն էր,  որ երկար տարիներ ՀՀԿ-ի իշխանության  մենաշնորհ էր երկրում, Փաշինյանը պատասխանեց. «Երկար տարիներ դրա մասին բոլորը խոսել են, որ, այո, սխալ ճանապարհով են գնում, սխալ պրոցեսներ են ընթանում եւ բնական է, որ պետք է այսպիսի իրավիճակի հանգեցներ: Ես կարծում եմ գաղտնիք չկա, ես 20 տարի խոսում եմ սխալների մասին եւ իհարկե էսպիսի պրոցեսները մի սխալի պատճառով տեղի չեն ունենում»:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք Փաշինյանը  կհամագործակցի ՀՀԿ-ական գործիչների հետ, նա պատասխանեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել: «Ես հիմա ընդամենը վարչապետի թեկնածու եմ, իսկ դուք տալիս եք հարցեր, որոնք ուղղղված են վարչապետին: Երբ որ ձեր առջեւ կանգնած կլինի վարչապետը, այն ժամանակ ես կպատասխանեմ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի հետ բանակցություններին, ասաց, որ բանակցային  գործընթացը պետք է լինի հրապարակային, իսկ հիմա իրավիճակ է փոխվել, որովհետեւ ինքը պատրաստվում է որպես վարչապետի թեկնածու հանդիպել խմբակցությունների հետ, այդ թվում նաեւ ՀՀԿ-ի հետ եւ աշխատանքային ռեժիմով կքննարկեն:

Կադրային փոփոխությունների մասին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեռեւս ոչինչ չի ասի, որպեսզի կարողանան հանգիստ պայմաններում, առանց կաշկանդվածության քննարկումներ ունենան:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: