ՀՀ քաղաքացին հաղթել է եւ այդ հաղթանակը հասցնելու է մինչեւ վերջ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը։

«Թող մեկ չմտածի, թե ՀՀ քաղաքացին արդեն բավարարվել է ու կորցրել զգոնությունը»,- նշել է նա։

Նա նշել է, որ մայիսի 1-ին Երեւանում պետք է մեծ տոն լինի, բոլոր մարզերից քաղաքներից պիտի մարդիկ գան Երեւան՝ տոնելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը։

ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանն էլ նշեց, թե սոցցանցերում ականատես են լինում մի աննախադեպ տեղեկատվական պատերազմի ականատեսն են դարձել հանրապետական ֆեյքերի կողմից։ «Ասում են՝ թողեք ես ընտրեմ։ Որեւէ մեկը ընտրության ձեր իրավունքի վրա բռնություն չի կատարելու։ Ընդհակառակը, սա այն պայքարն է, որի շնորհիվ վերջին 20 տարում բոլորը կարողանալու են արժանապատիվ ընտրություն կատարել»,- նշել է Աղաջանյանն ու հավելել, որ տեղեկատվական պատերազմում շարժումը հաղթանակ է տարել։