Վարչապետ դառնալու դեպքում պատրաստվո՞ւմ եք ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում քննարկել այն բոլոր խնդիրները, որոնց մասին խոսել եք մինչեւ հիմա: Այսօր՝ ապրիլի 30-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանն այս մասին ասաց պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Ամբողջ օրն ասում ենք՝ ՀԱՊԿ, ՀԱՊԿ: Հենց հարձակում է լինում, պարզվում է՝ չէ, ՀԱՊԿ պայմանագիրը Մովսես գյուղի համար չի, մի հատ ուրիշ գյուղի համար է, մի հատ հասկանանք ՀԱՊԿ-ն ի՞նչ է: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, պետք է հստակեցում մտնի, թե ի՞նչ պարտավորություններ ունենք... Իրականում էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է, մի հատ հասկանանք՝ մեզ օգո՞ւտ է, թե՞ վնաս»,- Փաշինյանի ելույթից մեջբերում կատարեց Ֆարմանյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ փաստարկների հիման վրա էր այդպես մտածում եւ, վարչապետ ընտրվելու դեպքում, պատրաստվո՞ւմ է այս խնդիրները բարձրաձայնել ՀԱՊԿ Հավաքական խորհրդի առաջիկա նիստի ընթացքում գործընկերների հետ:
ՀՀԿ-ական պատգամավորը, միաժամանակ, հարցրեց, թե եթե Փաշինյանի վարչապետության օրոք ադրբեջանցիները Մովսես գյուղի ուղղությամբ կրակոց արձակեն, որո՞նք են լինելու ՀԱՊԿ-ին առնչվող նրա քայլերը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ում շատ օգտակար կլինի փոխադարձ դաշնակցային հարաբերությունների ճշգրտումը ռազմական անվտանգության ոլորտում: «Կան հարցեր, որոնք հայ հասարակության համար բաց են: Պետք է փոխադարձաբար արձանագրենք հարաբերությունները, որ ակնկալիքներն էլ համարժեք լինեն»,- նշեց վարչապետի թեկնածուն:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների մասին Ֆարմանյանի հարցին. Փաշինյանը նշեց, որ դրանք ռազմավարական են: Սա իրողություն է, որի հետ հաշվի ենք նստում. «Մեր շարժման ընթացքում արտաքին քաղաքականությանը շատ մեծ անդրադարձներ չի եղել: Դրան շատ չենք անդրադարձել, հայտարարել ենք, որ աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա շարժման մեջ, որ այն կենտրոնացած է ներքաղաքական խնդիրներին»:











