ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ ինքը հարկերից չի խուսափում:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ եք վաղը՝ մայիսի 1-ին, ԱԺ հատուկ նիստում քվեարկել վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, նա պատասխանեց. «Ես ժողովրդի կողմից եմ»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը խոստացել է բոլոր գործարարներին բերել հարկային դաշտ, դա իրեն չի՞ մտահոգված, Ալեքսանյանն արձագանքեց. «Ես հարկերից չեմ խուսափում»:

Նշենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: