«Իմ քայլը» շարժման մասնակիցները երթով հասել են Հանրապետության հրապարակ։

Երթը մեկնարկել էր Գարեգին Նժդեհի հրապարակից, անցել Նժդեհի փողոցով, Արշակունյաց պողոտայով, Լուսավորիչ, Իտալիայի, Վազգեն Սարգսյան փողոցներով։

Հանրապետության հրապարակում ժամը 19-ին հանրահավաք է կայանալու։ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ հանրահավաքը չափազանց կարեւոր նշանակություն ունի։

Իսկ վաղը առավոտյան ժամը 8-ից Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները կրկնակի թափով են սկսվելու։

Նշենք, որ այսօր քաղաքացիական անհնազանդության գործողություններ չեն կայացել, փողոցներն ու ճանապարհները չեն փակվել։ Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը եղել է Ազգային ժողովում։ Առավոտյան «Ելք» խմբակցությունն իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Կայացել են նաեւ դռնփակ բանակցություններ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորների հետ։ Այդ խմբակցությունները վաղ քվեարկելու են Փաշինյանի օգտին։ Լրագրողների ներկայությամբ հանդիպումէ  եղել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, Փաշինյանը պատասխանել է հանրապետականների հարցերին։

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: