Բրազիլիայի Սա Պաուլու քաղաքում հրդեհի հետեւանքով շենքի փլուզումից հետո անհայտ կորածների թիվը, հնարավոր է, հասնի 45 մարդու, հայտնում է Globo-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր մեկ մարդու զոհվելու եւ երեքի անհայտ կորելու մասին:

«Հրշեջները հիմա աշխատում են փլուզված շենքի բնակիչների գրանցամատյանի հիման վրա՝ չհաստատելով 45 անհայտ կորածների մասին տեղեկությունը»,- հայտնում է հեռուստաալիքը: Այս մարդկանց գտնվելու վայրը դեռեւս հայտնի չէ, սակայն սա չի նշանակում, որ նրանք բոլորը փլատակների տակ են:

Շենքը բռնկվել է երեքշաբթի գիշերը եւ ավելի ուշ փլուզվել: Կրակն անցել է հարակից բարձրահարկ շենք, սակայն հրշեջներն այն իրենց վերահսկողության տակ են վերցրել՝ թույլ չտալով, որ տարածվի ամբողջ շենքում:

Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պատճառ կարող էր լինել ընտանեկան զույգի վեճը, որը կերակուր էր պատրաստում կրակի վրա եւ սպիրտն էր որպես վառելիք օգտագործում: Կինը հրել է ամուսնուն, երբ նա կրակի վրա սպիրտ էր լցնում, ինչի հետեւանքով երկուսի հագուստն էլ բռնկվել է: Մեղավորներին հաջողվել է փրկվել՝ նրանք այրվող զգեստը հանել ու շենքից դուրս են վազել: