Սա աննախադեպ հասարակական ընդզում է: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում Հանրապետության հրապարակում ասել է գործարար Խաչատուր Սուքիասյանը՝  անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկրում սկիզբ առած ժողովրդական շարժմանը:

«Անկախ Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել,  սովետականի ժամանակ չգիտեմ, որովհետեւ էն ժամանակ հավաքվում էինք, կարող է մայիսի 1-ին շատ մարդ լիներ, բայց սա աննախադեպ է»,-ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանը  կարծում է, որ Հայաստանը կդառնա համակարգային պետություն եւ հարցերը կլուծվեն կոնսենսուսի  միջոցով:

Գործարարը կարծում է, որ վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, եւ այն կարող է զբաղեցնել ցանկացած ոք, ով քաղաքական գիտակցություն ունի. «Էնպես որ այդ գուշակությունները ոչ մի հիմք չունեն: Ինչ գուշակություն, եթե մարդն այսպիսի ճանապարհ է անցել, կարծում եմ՝ նա առավել հմուտ է, քաղաքական էդ համակարգը պատկերացնում է եւ ամենակարեւորը սկզբունքայնությունն է եւ համակարգային մոտեցումն է»: