Պետք էր օր առաջ ընկալել, հասկանալ, որ սա իսկապես ժողովրդային պոռթկում է եւ ժողովուրդն է կանգնած այս պահանջների հետեւում: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ժողովրդի իշխանությունը յուրացնել ոչ ոք իրավունք չունի: Սա պետք է մենք հասկանանք, մենք անցյալի դառը դասեր ունենք, երբ մեծ ոգեւորությամբ ձեռք ենք բերում ժողովրդի իշխանություն, հետո այդ ամենը փորձվում է մսխվել, մենք դա չպիտի թույլ տանք: Այս զարթոնքը պետք է պահպանել եւ ներուժը վերածել մեծ էներգիայի ու հզորացնել եւ միասնականացնել Հայաստանը»,- ասաց Ռուստամյանը:

Չնայած ՀՀԿ-ն երեկ հայտարարեց, որ սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին, բայց կասկածներ կան, որ այդպես էլ կանի. այս մասին հարցին Ռուստամյանն արձագանքեց, որ կարող է խոսել միայն Դաշնակցության անունից. «Ես որեւէ մեկի անունից վստահեցնելու բան չունեմ՝ ո՛չ պարտավորություն, ո՛չ էլ այդպիսի ցանկություն»:

Ինչ վերաբերում է Արցախի հարցում դիրքորոշումներին. դաշնակցական պատգամավորն ասաց՝ դա քննարկման հիմնական հարցերից է եղել: ««Ելք»-ն իր ծրագրում ունի, իրենց հայտարարություններում կա, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել այնպես, ինչպես արդեն Արցախի ժողովուրդը հայտարարել է հանրաքվեներով, սա է ամենագլխավոր հաստատումը»,- հավելեց պատգամավորը: