2015թ.-ի ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, պահանջում է իր դստեր եւ թոռան մահվան մեջ մեղադրվող բժշկուհիների նկատմամբ նշանակել խստագույն պատիժը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Վաղինակ Մարգարյանը ներկայացրեց 2015թ.-ի հուլիսի 23-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակահատվածում Մերի Մարգարյանի վերաբերյալ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գործողությունները՝ պնդելով, որ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը չի կատարել իր մասնագիտական պարտականությունները ճիշտ, ինչն էլ հանգեցրել է նման ողբերգական ավարտի:

«Հարգելի դատարան, այս 2 տարիներին Դուք տեսաք, թե ինչ անդառնալի կորստի են հասցրել ինձ ու իմ հարազատներին նման բժիշկների հանցավոր ինքնավստահությունն ու անբարեխիղճ վերաբերմունքը: Մերի Մարգարյանն իր կյանքի 26 տարիներին եղել է առողջ, ամեն ինչ արել եմ նրա համար իմ հնարավորությունների սահմաններում, դաստիարակել եմ որպես նվիրված դուստր, կին, մայր եւ հարս, բարձրակարգ մասնագետ եւ այս ամենը ջնջվեց 3-4 դաժան ու սարսափելի օրերի ժամանակ: Նման բժիշկներն արժանի են ամենախիստ պատժի»,- ասաց մահացած ծննդկանի հայրն իր ճառում:

Վաղինակ Մարգարյանը նշեց, որ չնայած հանցագործությունն անզգույշ է, դա չի նշանակում, որ որեւէ մեղմացնող հանգամանք կա: Նա պնդեց, որ Շուշանիկ Բախշյանը 4 օր շարունակ ծանր վիճակում գտնվող Մերի Մարգարյանին թողել է առանց լուրջ զննության՝ առանց ճիշտ ախտորոշման հասցնելով մահվան. «Հուլիսի 27-ին վաղ առավոտյան, երբ Մերի Մարգարյանը հոսպիտալացվել էր, հերթապահ բժիշկները ոչինչ չէին անում: Հերթապահ Արամ Գրիգորյանը կապի մեջ է եղել Շուշանիկ Բախշյանի հետ եւ արգելել է որեւէ գործողություն անել՝ նշելով, թե հանկարծ իմ հղիին «պերեխվատ» չանեք: Երբ առավոտյան Շուշանիկ Բախշյանը եկել է հիվանդանոց, անալիզները ստանալուց հետո պետք է կյանքի ցուցումով անմիջապես կեսարյան աներ, մինչդեռ իջել էր կոնսուլտացիայի, որ 5-10 հազար դրամ կորզեր հղիներից: Փեսաս է իջել ներքեւ, որ բերի, ասել է՝ կինս մահամերձ վիճակում է, զոռով բարձրացրել ենք վերեւ»:

Մերի Մարգարյանի հոր խոսքով, Շուշանիկ Բախշյանից եւ մյուսներից իրենք խնդրել են միայն առաջին բուժօգնություն, որը, ցավոք սրտի, չեն ստացել: Շուշանիկ Բախշյանի վերջին վատությունն էլ, ըստ Վաղինակ Մարգարյանի, եղել է թերի էպիկրիզը. «Բացարձակապես անգրագետ ու թերի էպիկրիզի պատճառով մենք երկու ժամ կորցրել ենք «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Բացի դրանից, երբ Մերիին տեղափոխում էինք «Շենգավիթ»-ից «Էրեբունի» հիվանդանոց, ոչ մեկը չմոտեցավ, չօգնեց, դրանից հետո էլ ոչ մեկը չզանգեց, հետաքրքրվի՝ Մերին ոնց եղավ: Նման արհամարհական վերաբերմունք ես ոչ մի տեղ չեմ տեսել»:

Ծննդկանի հայրն անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որ ամբաստանյալի աթոռին հայտնված բժշկուհիներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: Նա դատարանում հայտնեց, որ այս 3 տարիների ընթացքում մեղադրվող կողմից ոչ մեկն իրենցից ներողություն չի խնդրել, ընդհակառակը, փնովել են իրենց ընտանիքին: Ինչ վերաբերում է Անի Բաբելյանին, Վաղինակ Մարգարյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ բժշկուհին հուլիսի 25-ին վիրահատության չի եղել, այլ Շուշանիկ Բախշյանի պարտադրանքով հրաժարվել է իջնել եւ զննել Մերի Մարգարյանին:

«Չնայած այն հանգամանքին, որ Բաբելյանը երիտասարդ բժշկուհի էր, նույնպես խճճվեց «Շենգավիթ» ԲԿ-ի խարդախությունների մեջ՝ հաշվի չառնելով, որ հղիի ու նորածնի կյանքն այդ պահին գտնվում է իր ձեռքերում: Շատ վատ է, որ երիտասարդ բժշկուհին խճճվել է ստի մեջ եւ կորցրել իր խիղճը»,- նշեց Վաղինակ Մարգարյանը:

Ճառի ավարտին մահացած ծննդկանի հայրը միջնորդեց բժշկուհիներին մեղավոր ճանաչել եւ կիրառել խստագույն պատիժ՝ առանց հաշվի առնելու որեւէ մեղմացնող հանգամանք: Ճառին միացավ նաեւ Մերի Մարգարյանի ամուսինը՝ Արթուր Հարությունյանը:

Դատարանում այսօր պետք է նաեւ ամբաստանյալների պաշտպանները ճառով հանդես գային: Սակայն, պաշտպանները հայտարարեցին, որ պատրաստ չեն: Դատավոր Դավիթ Բալայանը նիստը հետաձգեց՝ նշանակելով մայիսի 31-ին: Այդ օրը, ամենայն հավանականությամբ, դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:

Հիշեցնենք, որ մեղադրող Արա Մնացականյանը պահանջել է  Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 3 տարի ժամկետով, իսկ Անի Բաբելյանին՝ 2.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 2,5 տարի ժամկետով: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը միջնորդել է Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին դատապարտել առավելագույն պատժի: