Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ մայիսի 10-ին կրկին անգամ չկայացած «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:

NEWS.am-ի հետ զրույցում այս գործով փաստաբաններից Նինա Կարապետյանցը նշեց. «Այսօր պետք է փոխեն բոլորի խափանման միջոցը ու հրաժարականներ տան, որովհետեւ այլեւս իրենք տեղ չունեն դատական համակարգում, արդարադատություն չեն կարող իրականացնել»:

Նրա խոսքով, ինքն անձամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանին փոխանցել է, որ այս դատական նիստը հետաձգելը պայմանավորված է միայն վախով՝ չընդունել որոշում «Սասնա ծռերի» խափանման միջոցը փոխելու հետ կապված. «Ճիշտ է առարկեց, բայց ուզում եմ կրկին փոխանցել, որ իրավիճակը երկրում փոխվել է։ Հարգելի՛ պարոն Գաբրիելյան, դուք ինքներդ ձեզ հերթական անգամ փորձելու եք տանել ինքնաոչնչացման ձեր գործողություններով: Կարծում եմ ժամանակն է սթափ դատել իրավիճակը եւ հասկանալ, որ այո՛, պետք է խափանման միջոցները փոփոխվեն՝ լինի ստորագրություն չհեռանալու մասին, սա կլինի առաջին քայլը, եւ հաջորդ քայլը նորմալ դատական նիստեր անցկացնելը եւ նորմալ դատավճիռը, օրենքով եւ իրավունքով առաջնորդվելով դատական վճիռ կայացնելը,-ասաց նա:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ նշեց, որ չի կարող ընդունվել մի տարբերակ, որ «Սասնա ծռերի» խափանման միջոցը փոխվի՝ բացառությամբ սպանության մեջ մեղադրվող անձանց։ «Ես ասում եմ, որ նման տարբերակ չի գործելու, նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոցը անօրինական է կիրառվել, բոլորը պետք է հայտնվեն ազատության մեջ, նման կարծիք հնչեցնողներին պարզապես ուզում եմ հիշեցնել, որ որեւէ մեկը չգիտի, որեւէ քննություն չի տարվել, որեւէ դատական ակտ գոյություն չունի, որի հիման վրա հնարավոր կլիներ հանգել հետեւության, որ սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը իրապես պատասխանատու են այդ ոստիկանների մահվան համար»,-ասաց Շուշանյանը:

 «Սասնա ծռերի» գործով պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ ընդգծեց. «Այս քննիչները, դատավորներն ու դատախազները սպասում են, որ նախագահականից կամ վարչապետի աշխատակազմից զանգեն ասեն ՝ ձեր գործը արեք, հրահանգի են սպասում: Այսօր պետք է փոխեն բոլորի խափանման միջոցը ու հրաժարականներ տան, որովհետեւ այլեւս իրենք տեղ չունեն դատական համակարգում, արդարադատություն չեն կարող իրականացնել: Մարդկանց ապստամբությունը դրա համար չէր, որ մարդիկ երկկենցաղի նման իրենց գույնը փոխեն ըստ ռեժիմի»: