Ստեղծված իրավիճակի վերջնական հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են՝ անկախ նրանից, թե ով է դա ուզում եւ ով չի ուզում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Որովհետեւ ամեն րոպե կարող է առաջանալ սահմանադրական ճգնաժամ, քանի որ ԱԺ-ում կա մեկ այլ քաղաքական ուժի մեծամասնություն, իսկ կառավարության ղեկավարը եւ շուտով նաեւ կառավարության անդամներ ներկայացնելու են խորհրդարանական փոքրամասնությունը: Սա ուղղակի ճանապարհ է դեպի սահմանադրական ճգնաժամ: Իսկ թե երբ, դա քաղաքական ուժերի հետ քննարկման հարց է: Ես կարծում եմ, որ չպետք է ձգել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակը: Դրան քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն հնարավորինս սեղմ, ռեալ, ադեկվատ ժամկետներում»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով, մինչ այդ պետք է մի քանի խնդիր լուծել. նախ ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի, տարածքային ցուցակները պետք է վերանան, որոնք ապաքաղաքականացրեցին ընտրությունները: «Ըստ էության, պայքարը քաղաքական  գաղափարներից տեղափոխվեց ռեսուրսների պայքարի դաշտ: Անպայման պետք ներդրվի մատնահետքերի շտեմարան՝ կրկնաքվեարկությունները բացառելու համար, որովհետեւ ընտրողների ցուցակների հրապարակումն առ ոչինչ է, եթե չկա մատնահետքերի միասնական բազա: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մի քանի առաջարկները եւս պետք է ընդունվեն, որոնք վերաբերում են վարչական ռեսուրսի կիրառման համար պատժի խստացմանը: Եթե լինի քաղաքական պայմանավորվածություն, դա կարելի է շատ արագ անել»,-ընդգծեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:

Հարցին, թե ինչ տարբերակով կարելի է հասնել արտահերթ ընտրությունների, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես հասկանում եմ, որ ԱԺ-ն լուծարելու այնպիսի բարդ ու խճճված մեխանիզմներ են ամրագրել Սահմանադրության երկու հայրերը՝ հարմարեցնելով ՀՀԿ լիդերի ճաշակին, ու այս դեպքում կամ ԱԺ-ն չի հաստատում կառավարության ծրագիրը, որը ես քիչ հավանական եմ համարում, իսկ դրանից հետո մեկ տարվա ընթացքում վարչապետին անվստահություն հայտնելու մեխանիզմ չկա, բացառությամբ այն դեպքի, եթե վարչապետն ինքը ներկայացնի հրաժարական, որը եւս բավականին ռիսկային պրոցես է, որովհետեւ հրաժարականից հետո երկու անգամ պետք է վարչապետ չընտրվի, նոր խորհրդարանը հնարավոր լինի լուծարել»,-ասաց նա:

Ըստ Զոհրաբյանւ, սա եւս ռիսկային է, որովհետեւ հրաժարական ներկայացնող վարչապետը կարող է մտավախություն ունենալ, որ մեծամասնությունը կարող է օգտվել վիճակից եւ առաջադրել իր թեկնածուին. «Այս պայմաններում ինչ-որ մի պահի կարող է ստեղծվել փակուղային իրավիճակ, ուստի քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ ժամանակ ձգելը որեւէ մեկի շահից չի բխելու»:

Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ ՀՀԿ խմբակցության գործարար թեւը լքի կուսակցությունը եւ անցնի իշխանության կողմը. «Ես որեւէ բան չեմ բացառում: Մենք հիշում ենք, թե ինչպես մեկ գիշերվա մեջ ՀՀՇ-ից, որը թվում էր Մասիս սարի նման անհողդողդ, միասնական, անպարտելի ուժ էր, դարձան երկրապահ, հետո Հանրապետական ու մենշեւիկ: Չեմ բացառում նաեւ, թե ինչպես ՀՀԿ-ի կերակրատաշտին հնարավորինս մոտ լինելու տարբերակ ընտրած նաեւ շատ քաղաքական դեմքեր շատ արագ կհայտնվեն բացարձակապես այլ ճամբարում»: