Իլոն Մասկի ղեկավարած Tesla ընկերությանը պատկանող էլեկտրոմոբիլի հերթական վթարի հետեւանքով ավագ դասարանների երկու աշակերտ են զոհվել, հայտնում է ՏԱՍՍ–ը։ ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը հետաքննություն է սկսել։
Գերատեսչության տվյալներով՝ 2014 թվականին թողարկված Tesla Model S ավտոմեքենան բարձր արագությամբ սլացել է Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի խճուղով։ Անհայտ պատճառներով մեքենան ամբողջ արագությամբ բախվել է պատին ու այրվել։ Նախնկան տեղեկություններով՝ էլեկտրոմոբիլի ինքնավար ռեժիմը չի գործել, բայց իշխանությունները դեռ պետք է վերջնական հաստատեն այդ տեղեկությունը։
Վթարի հետեւանքով զոհվել են Ֆորտ Լոդերդեյլի դպրոցի բարձր դասարաններում սովորող երկու աշակերտ։ Նրանցից մեկը ղեկին է եղել, մյուսը՝ հետեւի նստատեղին։ Մեքենայում գտնվող 18-ամյա ուղեւորն էլ բախումից հետո դուրս է շպրտվել մեքենայից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Ականատեսների վկայությամբ՝ մեքենան շարժվել է մոտ 100 կմ/ժ արագությամբ։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ համագործակցում են իշխանությունների հետ դեպքի հետաքննության առումով։











