Ոչ թե չեմ ուզում Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատել, այլ ցանկություն չունեմ նախարարի պաշտոնում շարունակել: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը:

«Այնպես չի, որ իմ ցանկությունը նոր է առաջացել, վաղուցվանից կար, բայց ես կպաշտոնավարեմ այնքան, մինչեւ կնշանակվի նոր նախարարը»,-ասաց նա ու հավելեց. «Հարցը չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը: Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանին եւ իր մոտեցումները, բայց ամեն դեպքում ես գտնում եմ, որ կարող եմ ավելի շատ օգուտ տալ Հայաստանին: Պարտադիր չէ լինել նախարարի պաշտոնում»:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի կառավարության կազմում եղած ժամանակ էլ կարող էր օգուտ տալ երկրին առանց նախարար լինելու, նա արձագանքեց. «Կարող էի եւ մինչեւ դա տվել եմ: Եթե դուք հիշում եք, թե ինչպիսին էր ինտենտետի վիճակը 10 տարի առաջ Հայաստանում եւ այսօր, ես իմ լուման ունեցել եմ այդ հարցում»:

Հարցին, թե դուրս կգա՞ ՀՀԿ-ից, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Ժամանակը ցույց կտա ամեն ինչ: Կմտածեմ»: