Մայիսի 12-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ։
Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց անձնակազմին վերջին շրջանում իրականացրած ծառայության համար։
Խոսելով ծառայության խնդիրների մասին՝ Վալերի Օսիպյանը նշեց, որ արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներում չպետք է լինի կոռուպցիա։ Նման դրսեւորումներ հայտնաբերելու դեպքում ոստիկանները խիստ կպատժվեն եւ կենթարկվեն պատասխանատվության։
Կարեւորվեց արտաքին ծառայություն իրականացնող աշխատակիցների համազգեստի կոկիկությունն ու կարգապահությունը, քանի որ քաղաքացին առաջին հերթին հենց նրանց է տեսնում եւ պատկերացում կազմում համակարգի մասին։
Նշվեց, որ համայնքային ոստիկանության հենակետերը պետք է ավելի կանոնակարգեն աշխատանքը, իսկ համայնքային ոստիկանները հաճախ հանդիպումներ ունենան բնակիչների հետ, լսեն հուզող հարցերն ու հնարավորության դեպքում լուծումներ տան, կամ ուղղորդեն համապատասխան մարմիններ։ Համայնքային ոստիկանները պետք է լիարժեք տիրապետեն իրենց սպասարկող տարածքներում տիրող իրավիճակին։
Վալերիյ Օսիպյանը կարեւորեց նաեւ այս տարի անցկացվելիք միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի, Երեւանի 2800-ամյակի եւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացումը։
Խորհրդակցությանը քննարկվեցին արտաքին ծառայությանը վերաբերող այլ հարցեր եւս։













