Ոստիկանները, հատկապես արտաքին ծառայողները, ծառայություն իրականացնելով մայրաքաղաքի տարբեր հատվածներում, առնչվում են անմիջապես քաղաքացիների հետ. չճանաչելով ձեզ, ճանաչում են ձեր համազգեստը, ճանաչում են զինանշանը, որը խորհրդանշում է ՀՀ ոստիկանությունը, եւ մարդիկ կարծիք են կազմում ՀՀ ոստիկանության մասին: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը:

«Մենք գործ ունենք քաղաքացիների հետ, հարգելիներս, եւ պարտավոր ենք ունենալ պատշաճ արտաքին տեսք: Փնթի ոստիկանն իրեն չի հարգում»,-ասաց նա:

Նշվեց, որ համայնքային ոստիկանության հենակետերը պետք է ավելի կանոնակարգեն աշխատանքը, իսկ համայնքային ոստիկանները հաճախ հանդիպումներ ունենան բնակիչների հետ, լսեն հուզող հարցերն ու հնարավորության դեպքում լուծումներ տան. «Համայնքային ոստիկանը օպերլիազորից ավելի լավ պետք է տիրապետի, թե իր տարածքում ինչ է կատարվում: Համայնքային ոստիկաննից է կախված բնակչության վստահությունը համակարգի նկատմամբ»,-ընդգծեց Օսիպյանը: