Ոստիկանությունը ձերբակալել է քաղաքացիական ակտիվիստ, Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջեւ ընթացող հակաակցիայի կազմակերպիչներից մեկին՝ Գեորգի Գաբեդավային, հայտնում է «Նովոստի Գռուզիա»-ն: 

 

                           

 

Այսօր Թբիլիսիի կենտրոնում միանգամից երեք բողոքի ակցիա է ընթանում: Դրանցից մեկը «Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման ակցիան է: Մյուս երկուսը կազմակերպվել էին նրանց հակառակորդների՝ նեոնացիստական «Վրաստանի ազգային միաբանություն» խմբի եւ «Երիտասարդ ազգային դաշինք» կազմակերպության կողմից, որը եւ ղեկավարում է Գաբեդավան:

                         

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները շրջափակել են խորհրդարանի տարածքը: Բախումներից եւ կոնֆլիկտներից խուսափելու համար ոստիկանությունը թույլ չի տալիս նեոնացիստներին եւ «Երիտասարդ ազգային դաշինքի» անդամներին այնտեղ, որտեղ հավաքվել են «Սպիտակ աղմուկ» շարժման կողմնակիցները:
Գաբեդավան ձերբակալվել էր Կաշվեթի եկեղեցու մոտակայքում, երբ նա եւ իր համախոհները պահանջում էին թույլ տալ իրենց անցնել փակված հատվածը: Ներկայումս իրավիճակը շարունակում է լարված  մնալ: Ժամանակ առ ժամանակ «Երիտասարդ ազգային դաշինքի» ներկայացուցիչները փորձում են անցնել օղակված մասը: Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ ընդհարումներ են տեղի ունենում:

                                  

 

«Երիտասարդ ազգային դաշինք»-ում հավարում են, որ «Սպիտակ աղմուկի» կողմնակիցները պղծել են ապրիլի 9-ի ողբերգության զոհերի հիշատակը, երբ նախօրեին սկսել են պարել հուշատախտակի վրա: Այժմ կազմակերպության անդամները ցանկանում են մոտենալ հուշարձանին՝ «այն պաշտպանելու համար»:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ «Սպիտակ աղմուկ» շարժումը շարունակում է բողոքի ակցիաներ անցկացնել Թբիլիսիիում, որոնք Վրաստանի մայրաքաղաքում սկսվել էին մայիսի 12-ի գիշերը՝ Bassiani եւ Cafe Gallery գիշերային ակումբներում իրականացված հատուկ գործողություններից անմիջապես հետո: