ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հաստատեց տեղեկությունը, որ առավոտյան ռուս-վրացական սահմանին հայկական ավտոբուսին թույլ չի տրվել անցնել սահմանը եւ շարժվել դեպի Ռուսաստան։ Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին նա նշեց կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Աշոտ Հակոբյանի խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ անցած տարի համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի հետ, որ մեր ուղեւորափոխադրումները կատարվեն միայն լիցենզիաներ ունեցող ու թույլտվություն ստացած կազմակերպությունների կողմից: «Հաշվի առելով նաեւ այս տարի ՌԴ-ում կայանալիք Ֆուտբոլի առաջնությունը, հիմա բավականին խստացվելու է կարգը», -հայտնեց նախարարը։

Նրա կարծիքով՝  ռուսական կողմը պարզապես մի փոքր շտապել է, « որովհետեւ մենք դեռ չենք հասցրել փոխանակվել այն ցանկերով, որոնք որ իրավունք ունեն ուղեւորափոխադրումները կատարելու»։

Նա նշեց, որ արդեն կապվել են ՌԴ տրասնպորտի նախարարության հետ, նաեւ ՊԵԿ-ն է կապ հաստատել։

Եզրափակելով խոսքը՝ նախարարը նշեց, որ ավտոբուսն արդեն բաց է թողնվել։