Հնարավոր է ՀՀԿ-ի հետ համաձայնւթյան գանք արտահերթ ընտրությունների հարցում: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ տեղյակ է, որ ակտիվ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ, թիմ է աշխատում. «Ես չեմ կարող ասել, թե ով է ընդգրկված այդ խմբում: Վարչապետի հետ խոսել եմ, ներկայացրել ենք մեր նախնական մոտեցումները, որոնք նորություն չեն, խմբակցությունում քննարկված հարցեր են: Երբ լինի հանդիպում խմբի հետ, կքննարկենք»:

Մարուքյանի խոսքով, առաջնային խնդիրներից է ռեյտինգային ընտրակարգը վերացնելը. «Ընտրողների ցուցակները դեռ մարքելու տեղ ունեն, երրորդը՝ ընտրողների նույնականացման խնդիրն է, որը տեխնիկական միջոցներ, ֆինանսներ ու ժամանակ է պահանջում: Պետք է անդրադառնանք նաեւ քրեական օրենսգրքին՝ խստացնելով պատիժները ընտրակեղծիքի համար: Պետք է անդրադառնանք կուսակցությունների մասին օրենքին եւ այնպիսի մեխանիզմներ ներդնենք, որ Հայաստանում կուսակցության ֆինանսավորումը չլինի տաբու, չլինի ստվերային, միայն իշխանական կառույցները չֆինանսավորվեն, գործարարները կարողանան բաց թափանցիկ աջակցել այն ուժերին, որոնց ուզում են:Սա կբերի քաղաքական համակարգի առողջացման, կուսակցությունների ֆինանսական կայունության: Նաեւ կիմանանք, թե որ ուժերը, ինչ խմբերի շահեր են ներկայացնում»,-ասաց «Ելք»-ի պատգամավորը:

Հարցին, թե հնարավոր կլինի՞ աշնանը անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ ո՞րն է  դա իրականացնելու ճանապարհը, Մարուքյանը պատասխանեց. «Պետք է քաղաքական լայն բանակցությունների միջոցով հասնենք համաձայնության, որով կունենանք մեխանիզմ այս ԱԺ-ն ցրելու: Մինչ այդ մենք պետք է ունենաք հնարավորություն ընտրական օրենսգիրքը փոխելու, որի համար պետք է 63 ձայն: Մեզ պետք է լայն քաղաքական կոնսենսուս: ՀՀԿ-ն այս պահին ասում են, որ չունեն նման օրակարգ, բայց հիմա չկան բանակցություններ, դրա համար էլ այդպես ասում են: Երբ կլինեն կոնսուլտացիա, կլինի պատկերը, կարող է շատ նորմալ համաձայնության գանք: Իսկ եթե դա տեղի ունենա, կարող ենք նաեւ աշնանը անցկացնել ընտրությունները»: