«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի հպարտ քաղաքացիներ, փառավոր սպաներ ու զինվորներ, Հայաստանի ու Արցախի նախագահներ, Կաթողիկոս»,- այսպես է սկսել իր ելույթը Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում, Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
Վարչապետը նշեց, որ ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1918թ․ մայիսի 28-ին, հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն, մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում էր ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ ժողովրդին, այդ պատճառով էլ այս երկիրը կոչվեց Հանրապետություն: «Ու քանի որ մեր ժողովրդի պատմության մեջ նախկինում նման բան չի եղել՝ դա Առաջին Հանրապետությունն էր։ «Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ՝ տեր: Եվ սա ճակատագրական շրջադարձ էր, իհարկե, դա առայժմ միայն կարգավիճակի փոփոխություն էր, բայց այդ կարգավիճակը հայ ժողովուրդը ոչ թե նվեր ստացավ ինչ-որ մեկից, այլ նվաճեց քրտինքով եւ արյունով։ Բաշ -Ապարանի ուՍարդարապատիփառավոր հաղթանակներով, երբ ջախջախվեցին թուրքական զորամիովորումները։ Հաղթանակի թագն ու պսակը դարձավ Առաջին Հանրապետության հռչակումը։ Ինչպե՞ս է կարողացել ցեղասպանության ենթարկված, թալանված, ոչնչացման եզրին կանգնած ժողովուրդը հաղթել թուրքերին։ Արդյո՞ք դրա համար սոցիալական ու ռազմա- քաղաքական նախադրյալներ կային։ Ոչ եւ երիցս ոչ։ Պրագմատիզմի ու սառը հաշվարկի տեսակետից հայ ժողովուրդը չուներ հաղթելու ոչ մի շանս, ոչ մի հնարավորություն։ Բայց մենք հաղթեցինք, որովհետեւ սթափեցնող մի արթնացումով հասկացանք, որ մեր էությունը անապատներ քշվելն ու կոտորվելը չէ, որ մեր երակներում Մեսրոպ Մաշտոցի, Արտաշես արքայի, Վարդան Մամիկոնյանի արյունն է հոսում։ Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետեւ 400 տարվա մեջ առաջին անգամ հույսը դրեց ոչ թե ուրիշների, այլ ինքն իր վրա։ Որովհետեւ հասկացավ, որ ազգային պետությունն է ինքնության ու արժանապատվության միակ երաշխիքը։ Մենք հասկացանք, որ ոչ մի ազգային երազանք հնարավոր չէ ի կատար ածել առանց պետության, ինքնիշխանության, անկախության։ Անկախ պետությունը առաջին քայլն է այդ ճանապարհին։ Հայ ժողովուրդը հաղթել է, որովհետեւ եղել է Արամ Մանուկյանի նման առաջնորդ, որը պատրաստ էր զրկանքներ կրել ու զոհվել հանուն իր ժողովրդի, մարտնչել մինչեւ վերջին շունչը։ Քանի որ եղել են այնպիսի զորահրամանատարներ, ինչպիսիք են Թովմաս Նազարբեկյանը, Դրոն, Մովսես Սիլիկյանը, Դանիել Բեկ- Փիրումյանը,։ Հաղթել է, որովհետեւ որոշել է հաղթել։ Երբ հավատացել է իրեն, իր մտքին, բազկին, անցյալին ու ապագային։ Դա է մեր հաղթանակների բանաձեւը։ Չընկրկել խոչընդոտների առաջ, անսահման սիրել հայրենիքն ու միմյանց»,- շեշտել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն զգա իր երկրի տերը։
Վարչապետը շեշտել է, որ 2018-ի ապրիլին հայ ժողովուրդը հաղթանակ է տարել՝ իր սեփական իշխանությունը սահմանելով սեփական երկրում։ «Այդ հաղթանակը նույնպես անհնար էր թվում։ Ու շատերը մինչեւ օրս հարց են տալիս, թե ինչպես ու ինչու դա ստացվեց։ Պատասխանը հետեւյալն է՝ հայ ժողովուրդը հերթական անգամ հույսը դրեց իր, այլ ոչ թե ուրիշների վրա, հավատաց ինքն իրեն, հավատաց իր սեփական ուժերին ու ապագային։ Քանի որ նրա երակներում Բաշ -Ապարանի ու Սարդարապատի հերոսների արյունն է հոսում»,- նշեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Առաջին Հանրապետությունը ընդամենը երկու տարի է գոյատեւել, բայց հիմնադիր հայերի գործն անպտուղ չի եղել։ Միայն Առաջին Հանրապետության շնորհիվ է Հայաստանը մտել ԽՍՀՄ կազմի մեջ որպես լիիրավ հանրապետություն ու կարողացել առանց ցնցումների դուրս գալ ԽՍՀՄ կազմից ու ստանալ միջազգայնորեն ճանաչաված պետության կարգավիճակ՝ հիմնելով Երրորդ Հանրապետությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը վերապրում է քաղաքացիական պատմության ամենափառապանծ էջը, երբ երկրում անշրջելիորեն հաստատված է ժողովրդի իշխանությունը ու այլեւս ոչ ոք չի կարող համարձակվել պարտադրել կամք ժողովրդին, ստորացնել ընտրակաշառքների, վարչական հարկադրանքի ու այլ միջոցներով, կանգնեցնել ազգի թռիչքը։ Վերածնունծը կանգնեցնելու, լավատեսությունն ու ժողովրդի հույսը կոռուպցիայի ու ամենաթողության մեջ խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի։ «Հայաստանի Հանրապետությունը պետք է Երկիր մոլորակի վրա գոյություն ունենա հավիտյան։ ՀՀ դրոշը պետք է հավիտյան ծածանվի, խորհրդանշելով մեր ոգին ու պետականությունը։ Երիտասարդ սերունդը որպես հերոսների ժառանգներ, ընդունում են պատմական առաքելությունը։ Կեցցե մայիսը, հայ ժողովրդի փառապանծ հաղթանակների ամիսը։ Փառք հերոսներին, Փառք Արցախին ու Հայաստանին, Փառք մեզ ու մեր երեխաներին, որ ապրում ենք ու ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։
Ելույթից հետո վարչապետը շփվել է քաղաքացիների հետ։











