Մայիսի 27-ին դատարանը բավարարել է ԱԱԾ քննչական վարչության կողմից ներկայացված միջնորդությունները եւ որոշել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործով անցնող երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանավորումը: Խոսքը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանի, գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանի եւ հաշվապահության ծառայության գծով տնօրեն Սիմոն Առաքելյանը: 4-րդ ձերբակալվածը եղել է գանձապահ Մարինե Առաքելյանը, որին մեղադրանք չի առաջադրվել եւ նրան ազատ են արձակել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող եւ մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էր արել՝ նշելով, որ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար:

Այս առնչությամբ, Տիգրան Զոհրաբյանի եւ Սիմոն Առաքելյանի շահերի պաշտպան Արմեն Անդրիկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դատական նիստի ընթացքում վարույթ իրականացնող մարմնի կողմից պաշտպանական կողմին, ինչպես նաեւ դատարանին ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից իր համար պարզ է դարձել, որ ներկայացված հիմքերն ամբողջությամբ անհիմն են. «Չկա հիմնավոր կասկածի առկայություն, որով տվյալ դեպքում՝ Տիգրան Զոհրաբյանը պետք է կալանավորվի: Քրեական գործը կոնկրետ իմ պաշտպանյալների նկատմամբ հարուցված է 38-205 հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է հարկերից, տուրքերից կամ այլ պարտադիր վճարներից խուսափելը, որը պետք է դրսեւորվի համապատասխան հաշվետվությունների, համապատասխան տեղեկանքների ներկայացման ձեւով:

Այսինքն հանցագործության օբյեկտիվ կողմը միայն հնարավոր է դրսեւորվի տեղեկանքներում, հաշվապահական փաստաթղթերում, որոնք ներկայացվում են հարկային կամ մաքսային մարմիններին՝ այդտեղ խեղաթյուրումներ մտցնելով կամ սխալ տեղեկություններ ներկայացնելով: Տվյալ դեպքում՝ վարույթ իրականացնող մարմինը այդ հանցագործության կատարման մեջ կասկածանքի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չներկայացրեց»,-ասաց պաշտպանը:

Նա ընդգծեց, որ չի ներկայացվել որեւէ հաշվետվություն, թե արդյոք տվյալ հաշվետվությունը սխալ է կամ հաշվետվության մեջ ներկայացված թվերը չեն համապատասխանում իրականությանը. «Այսինքն չունենք վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված որեւէ հաշվետվություն, թե դատարանին, թե պաշտպանական կողմին, որ նշված հաշվետվություններում միգուցե կատարվել են որոշակի սխալներ, որի հիման վրա էլ կազմակերպությունը խուսափել է հարկեր, տուրքեր կամ այլ պարտադիր վճարներ վճարելուց»:

Եթե չկա հիմնավոր կասկած, ըստ պաշտպանի, դատարանը այլեւս չի անդրադառնում կալանավորման հիմքերին. «Բայց մենք վիճարկել ենք նաեւ կալանավորման հիմքերը: Վարույթ իրականացնող մարմինը կալանավորման հիմքերի մեջ նշել էր, որ Տիգրան Զոհրաբյանը մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը, ինչպես նաեւ իր ազդեցությունն ունենալ հետագայում փաստաթղթերի ուսումնասիրության գործընթացի վրա: Այս հիմքը եւս ամբողջությամբ անհիմն է այն պարզ պատճառով, որ ԱԱԾ քննչական մարմնի կողմից հրապարակվել է տեսանյութ, որ ընկերությունում կատարվում են խուզարկություններ եւ փաստաթղթեր են առգրավվում: Այսինքն այն փաստաթղթերը, որոնք պետք է հետագայում դրվեն քրեական գործի հիմքում, այդ փաստաթղթերը արդեն գտնվում են վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ: Այս դեպքում՝ խոսել այն մասին, որ մնալով ազատության մեջ Տիգրան Զոհրաբյանը կարող էր ինչ-որ ձեւ խոչընդոտել տվյալ փաստաթղթերի ուսումնասիրությանը կամ այլ փաստաթղթերի հայտնաբերմանը, իմ կարծիքով եւս անհիմն է»:

Պաշտպան Անդրիկյանը նշեց, որ մանրամասն ուսումնասիրությունից հետո իրենք վերաքննիչ բողոք են ներկայացնելու:

Անդրիկյանի խոսքով, ԱԱԾ-ի կողմից կատարվել են խուզարկություններ, իր պաշտպանյալները մասնակցել են խուզարկություններին, որից հետո նրանք բերման են ենթարկվել եւ ձերբակալվել են. «Այս դեպքում՝ անմեղության կանխավարկածի վերաբերյալ խախտումներ ես կարող եմ մատնանշել այն փաստով, որ իմ կարծիքով կալանքի կիրառումը պատժի տարրեր է իր մեջ պարունակում: Հենց այդ հիմքով խախտվում է վերջիններիս անմեղության կանխավարկածը»,-ասաց պաշտպանը:

«Իմ պաշտպանյալները մեղադրանքը չեն ընդունում, իրենց համար մեղադրանքի էությունն անհայտ է: Ընդհանրապես իրենք չեն հասկանում, թե որ արարքն են կատարել, որով օժանդակել են հարկեր, տուրքեր եւ այլ վճարներ վճարելուց խուսափելու հանցագործության կատարմանը: Իրենց համար անհասկանալի է, թե ինչ արարքի կատարմամբ է դա դրսեւորվել»,-ընդգծեց պաշտպանը:

Նշենք, որ ընկերության տնօրեն ի տարբերություն մյուս երկուսի, Արմեն Ունանյանը մեղադրվում է նաեւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») հատկանիշներով:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող եւ մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էր արել՝ նշելով, որ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ,  որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից եւ ընկերության տնօրենի առանձնատնից  առգրավվել են  շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային եւ մաքսային փաստաթղթեր:

ԱԱԾ-ն ձերբակալել է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի տնօրենին. ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալների հարցաքննելու են