Որեւէ մեկնաբանություն չունեմ, որ Արթուր Գեւորգյանը  լքել է ՀՀԿ խմբակցությունը եւ դուրս է եկել նաեւ հանրապետական կուսակցությունից՝ պահպանելով մանդատը, որովհետեւ քաղաքական գործընթացներում առաջին դեպքը չի, որ մարդիկ գալին կամ գնում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Դա իր որոշումն է: Հաշվի առնելով գորչծընկերային հարաբերությունները, ես որեւէ գնահատական չեմ տալիս, կարծում եմ՝ խմբակցությունը գնահատական կտա»,-ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանին, Շարմազանովն ասաց, որ խմբակցությունը միաձայն որոշել է, որ Շիրակ Թորոսյանը դուրս է եկել խմբակցությունից:

Շարմազանովը հստակ պատասխան չտվեց, թե արդյոք կարող են ՀՀԿ խմբակցությունը էլի լքողներ լինել. «Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Հայաստանի առնվազն 26 տարվա քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ կուսակցություն գալիս են, գնում են, դուրս են գալիս տարբեր պատճառաբանություններով: Ես հիմա չեմ ուզում որեւէ կանխատեսում անել՝ դուրս կգան, թե դուրս չեն գա, որովհետեւ այն մարդիկ, որոնք այսօր դուրս են եկել, նախապես ինձ չեն տեղեկացրել, կամ քննարկում չեն ունեցել: Դա պատգամավորի իրավունքն է: Անկախ նրանից, ինձ դա դուր է գալիս, թե ոչ, մարդիկ իրավունք ունեն գնալու կամ մնալու: Ես իմ ապագան տեսնում եմ ՀՀԿ-ում, շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին ու հայրենիքին, ՀՀԿ-ի կազմում»:

Հարցին, թե հնարավո՞ր է ՀՀԿ-ն խորհրդարանում դառնա փոքրամասնություն, Շարմազանովն արձագանքեց. «Ես այս պահին նման վտանգ չեմ տեսնում եւ նման ինֆորմացիա չունեմ»:

Նա անդրադարձավ նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին, ով չենթարկվելով ՀՀԿ-ի որոշմանը մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը. «Ֆելիքս Ցոլակյանին նախորդ նիստում նկատողություն է տրվել: Խմբակցությունում չպետք է լինեն երկակի ստանդարտներ»: