Հայ-վրացական հարաբերությունները էական եւ որակական փոփոխություններ են ապրելու։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Վրաստան այցի շրջանակներում այսօր՝ մայիսի 31-ին այցելել է Ջավախաք։
Վրաստանի Ծալկայի շրջանի հայաբնակ Այազմա գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին աղ ու հացով, ու հայկական երգ ու պարով։ «Ես նոր էջ եմ բացելու ոչ միայն հայր-վրացական հարաբերությունների, այլեւ ընդհանրապես հայ եւ վրաց ժողովուրդների համար։ Ես համոզված եմ, որ այդ նոր հարաբերությունների մակարդակը կարտահայտվի նաեւ վրաստանի հայության շրջանում։ Համոզված եղեք, որ այն հաղթանակը, որը կերտվել է Հայաստանում, հավասարապես պատկանում է նաեւ ձեզ, որովհետեւ այս հաղթանակը հզորացնելու է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլեւ ընդհանրապես հայ ժողովրդին աշխարհի ցանկացած անկյունում»,- հավաքվածներին ասել է վարչապետը եւ հավելել. «Եկեք մեր ռազմավարական ապագան ամրապնդենք մեր բարեկամ ժողովուրդների հետ, մասնավորապես, մեր բարեկամ վրաց ժողովրդի եւ պետության հետ։ Հայ ժողովուրդը հաղթել է, հայ ժողովուրդն այլեւս չի պարտվելու եւ պետք է քաղի այդ հաղթանակի պտուղները։ Կեցցե, ազատությունը, կեցցե Վրաց պետությունը եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ Հայաստանում»։
Ծննդյան օրվա կապակցությամբ, Վրաստանի 13 համայնքների անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրեցին Աստվածաշունչ մատյան։
Վարչապետն այցելել է նաեւ Գանձայի շրջանի Փոկա գյուղը։ «Ասում են, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի աչքերում մեծացել է հպարտությունը հայ լինելու համար եւ ես ուրախ եմ տեսնել ձեր հպարտ աչքերը տեսնելու համար։ Պետք է ասեմ, որ շատ արդյունավետ այց եմ ունեցել Թբիլիսի, եւ պատահական չէ, որ վարչապետի պաշտոնում իմ առաջին պաշտոնական այցն արել եմ Վրաստան, սա ընդգծում է հայ-վրացական հարաբերությունների կարեւորությունն ու առանձնահատուկ մակարդակը։ Համոզված եմ, որ այս այցի արդյունքներով հայ-վրացական հարաբերություններն էական եւ որակական փոփոխություններ են ապրելու։ Եվ ես այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար առաջարկում եմ շատ պարզ մի բանաձեւ. Վրաստանի ղեկավարությունը, վրաց ժողովուրդը եւ պետությունը պետք է համոզված լինի, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի գործողություններում չկա որեւէ մի դավադրություն, սադրանք Վրաստան պետության եւ վրաց ժողովրդի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Վրաց պետությունն ու ժողովրդի գործողություններում չկա որեիէ մի սադրանք հայ ժողովրդի եւ պետության նկատմամբ։ Ահա այս հենքի վրա մենք պետք է հասնենք հայ-վրացական հարաբերությունների բոլորովին նոր մակարդակի, եւ ես համոզված են որ այդ հարաբերությունների համատեքստում պետք է լուծվեն բոլոր սոցիալտնտեսական խնդիրները, որոնք առկա են Ջավախքում եւ հայաբնակ շրջաններում։ Համոզված ենք, որ բոլորս պետք է ջանքեր գործադրենք դրանց հասնելու համար եւ հասնելու ենք համընդհանուր հաղթանակի»,- նշել է վարչապետը։











