Ընտրակաշառքների մասին հնարավոր բացահայտումները ոչ մի կապ չունեն ԿԸՀ–ի հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տարածքային հանձնաժողովները այն գործառույթներն ու լիազորությունները որ ունեն կապված նաև իրավախախտումների հետ իրականացրել են լիարժեք ծավալով»,–շեշտեց նա։

Խոսելով ընտրախախտումների մասին ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ԿԸՀ–ն երբեք լիազորված չի եղել քրեաիրավական բնույթի գործառույթներով։ «Ուստի, քրեաիրավական բնույթի խախտումների բացահայտումները ԿԸՀ–ի առարկա երբևէ չեն հանդիսացել։ Նման ցանկացած դեպք ուղարկվել է պատշաճ մարմիններին»։

Նկատառմանը, թե նրա ղեկավարած կառույցը նաև այդ խախտումների ազդեցությունը ընտրությունների վրա գնահատող մարմինն է, Մուկուչյանը նշեց. «Այո, եղել է այդպիսի գնահատում, քանի որ միայն դրա արդյունքում է հանձնաժողովն ընդունում համապատասխան որոշումներ։ Թե՛ համապետական ընտրությունների ժամանակ, թե՛ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դրանց իրավաչափությունը դատական ընթացակարգերով քննության առարկա են հանդիսացել և ըստ էության դրանով իսկ վերջակետ է դրվել»։

Հարցին, վարչական ռեսուրսի չարաշահում չեն նկատել, Մուկուչյանը հավաստիացրեց. «Մենք ինչ–որ տեսել ենք, դրանք մեր որոշումներով ամրագրված են»։