ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն «դուր չի եկել» Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է Fox News-ը:

«Ինձ դուր չի եկել Կիմ Չեն Ընի հետ ռուսական կողմի հանդիպումը: Այդ հանդիպւմն ի՞նչ նպատակ ունի: Սակայն դա կարող է նաեւ դրական հանդիպում լինել»,- ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է իր կարծիքը փոխել, եթե այդ հանդիպման հետեւանքները դրական լինեն:

Թրամփը զուգահեռ հաստատել է, որ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպումը կկայանա հունիսի 12-ին: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ, Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ փոխնախագահ Կիմ Յոն Չհոլի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել:

Կիմ Չեն Ընի հետ Լավրովի հանդիպումը տեղի է ունեցել անցած հինգշաբթի՝ մայիսի 31-ին: Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, նա Հյուսիսային Կորեայի առաջնորդին է փոխանցել Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները «խոշոր ձեռնարկումներում, որոնք նախաձեռնվել են Կորեական թերակղզում»: Լավրովը Հյուսիսային Կորեայի առաջնորդին հրավիրել է Ռուսաստան այցելել:

Կիմ Չեն Ընն, իր հերթին, հանդիպման ընթացքում նշել է, որ Փհենյանը բարձր է գնահատում այն, որ «Պուտինը դիմակայում է ԱՄՆ գերիշխանությանը», եւ հայատարարել է «ռուսական կողմի հետ այս կապակցությամբ բանակցություններ վարելու» պատրաստակամության մասին: Նա առաջարկել է այս տարի կազմակերպել Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի առաջնորդների բարձր մակարդակով հանդիպում՝ հանուն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման: