Երեւանում շուրջ 30 գյուղմթերքի շուկա կա եւ թե' գյուղնախարարությունը, թե' քաղաքապետարանը պետք է հնարավորություն ստեղծեն, որ հենց գյուղացին իր մթերքը վաճառի առանց միջնորդի: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Կասյան փողոցի հարակից տարածքում բացված գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նա նշեց, որ պետք է բանակցել շուկաների սեփականատերերի հետ եւ հնարավորություն տրվի, որ երեւանցին էժան գյուղմթերք գնի. «Պետք է հասնենք միջնորդություններն ամբողջությամբ վերացնելուն»:

Տարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ Երեւանի երեք վարչական շրջաններում նման տոնավաճառներ են բացվել:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 2-ին, Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի հարակից տարածքում, 8-րդ տարին անընդմեջ, վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս տոնավաճառի տաղավարներում սեփական արտադրանքը վաճառելու հնարավորություն են ստացել ՀՀ մարզերից ժամանած գյուղացիները:

Ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությամբ: