ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին ուղարկվել է ծանուցագիր, նա կհրավիրվի ԱԱԾ եւ ցուցմունք կտա: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Մաշադյանի այն հայտարարությանը, որ իրենց համար նորություն չի եղել սխեման, որով «Երեւան սիթի»-ն ԱՁ-ների օգտագործմամբ 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել է 2 տոկոս շրջանառության հարկ:
«Եթե մարդը նշանակվում է պաշտոնի, դա չի նշանակում, որ նա դառնում է անձեռնմխելի: ՊԵԿ-ի փոխնախագահը, որը հայտնի հայտարարություն է արել, որպես վկա այսօր-վաղը կհրավիրվի ԱԱԾ, կտա ցուցմունք եւ իր ցուցմունքին գնահատական տալուց հետո կորոշվի իր հետագա կարգավիճակը հարուցված քրեական գործի շրջանակներում»,-հայտարարեց Վանեցյանը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով նույնպես հայտարարել է, որ իշխանության եւ գործարարների միջեւ եղել է պայմանավորվածություն, ԱԱԾ տնօրենն ասաց. «Վահրամ Բաղդասարյանը քաղաքական գործիչ է եւ կարող է անել տարբեր հայտարարություններ: Ես քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ մեկնաբանում: Ի՞նչ է նշանակում եղել է պայմանավորվածություն նախորդ իշխանությունների հետ: Պայմանավորվածություն է եղել, որ ապօրինի գործե՞ն:
Ինչու նույն «Քարֆուրը» այդ ապօրինի սխեմայով չի գործել: Սա մի ընդունեք որպես գովազդ, ուղղակի բոլորին հայտնի է: Մնացած բոլոր խանութներն ինչու դրանից չեն օգտվել, օգտվել են միայն 11 տնտեսվարողներ: Մեր ու ձեր բակի խանութները չե՞ն ցանկացել այդպես աշխատել»:
Դիտարկմանը, թե ասում են, որ դրանով օգնել են գյուղացիներին, որ գները չաճեն, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Գյուղացիներին դրսից ներկրված բանան, նարինջ, ելակ ու լոլիկ ծախելո՞ւ հարցում են օգնել: Ներկրված ապրանքներն ավելի մեծ տոկոս են կազմել, քան տեղի արտադրանքը: Տեղի արտադրանքը վաճառվել են տեղի շուկաներում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում եւ բացահայտել մշակված եւ տեւական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են 461 քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։
Դա հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:
Ավելի ուշ մի շարք սուպերմարկետների ցանցերի ղեկավարներ դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նշել, որ եթե աշխատեն ԱԱՀ 20 տոկոս հարկի պայմաններում գյուղմթերքի գների կայունությունը կարող է հայտնվել ռիսկի տակ: Նրանք նաեւ բարձրացրել էին մինչեւ 20 տոկոսով մսամթերքի գները:
Դրան հաջորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը»: «Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,- կոչ էր արել վարչապետը:
Դրանից հետո սուպերմակրետների սեփականատերերը հայտարարեցին, որ վերադառնում են հին գներին:











